‘ՄՄԿ. Դեպի Եվրոպա անօրինական միգրացիան մահացու վտանգ է պարունակում ‘

1118

Դեպի Եվրոպա անօրինական միգրացիան մահացու վտանգ է պարունակում: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավարությունը:

Կազմակերպության տվյալներով՝ Հին աշխարհը, պարզվում է, անլեգալների համար ամենավտանգավոր «ժամանման վայրն» է. միայն այս տարվա սկզբից այդ ճանապարհին զոհվել է մոտավորապես չորս հազար մարդ, նրանց երեք քառորդը կյանքից զրկվել է Միջերկրական ծովում, որտեղով անցնում են Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա տանող գլխավոր ուղիները:

Վերջին երեք տարիներին անլեգալ միգրանտների շարքերում մահացությունը կրկնակի աճել է: Մուամար Քադաֆիի տապալումից հետո  միգրանտների ժամանման ամենախոշոր նախնական կետը դարձել է Լիբիան:

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին 15 տարիներին աշխարհում զոհվել է ավելի քան 40 հազար անլեգալ միգրանտ, նրանցից 22 հազարը՝ միջերկրական ծովում: Երկրորդ տեղում Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանն է՝ 6 հազար զոհերով:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունում համոզված են, որ իրական թվերը շատ ավելի մեծ են, քանի որ բոլոր երկրները չեն, որ միգրանտների հաշվառում են անցկացնում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահը և Հնդկաստանի վարչապետը միասին հոդված են գրելու’
Հաջորդ հոդվածը‘«Շրջանառության հարկի մասին» ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիր է. Բողոքի ցույց ԱԺ-ի մոտ’