‘ՄՄ-ի « խերը». Շաքարավազը, դեղերը, բենզինը և շատ այլ ապրանքներ կթանկանան. «168 ժամ»’

1057

«168 ժամ» թերթը գրում է. «Այն, որ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում Հայաստանում հնարավոր է՝ արձանագրվի մի շարք կարեւոր ապրանքատեսակների գնաճ, ի սկզբանե հայտնի էր։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքներին։ Դրանց մեծ մասի դեպքում Հայաստանում գործում է  զրոյական կամ առավելագույնը 10% մաքսատուրք, իսկ ՄՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ շատ ավելի բարձր դրույքաչափեր։

Մենք դիտարկեցինք ՀՀ ներմուծվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկը՝ համեմատելով դրանց մաքսատուրքերի դրույքաչափերը։ Առաջին տեղը զբաղեցնող 20 անուն ապրանքներից ընդամենը 2-3%-ի դեպքում է ՄՄ դրույքաչափն ավելի բարձր։ Օրինակ, ՀՀ-ում բենզինի մաքսատուրքը զրոյական է, ՄՄ-ում՝ 5%։ Իսկ Հայաստանում բենզին ներմուծվում է հիմնականում եվրոպական երկրներից` Ռումինիայից եւ Բուլղարիայից։ Այսինքն, եթե գործեն ՄՄ դրույքաչափերը, հայաստանյան շուկայում հնարավոր է՝ բենզինը թանկանա շուրջ 5%-ով։

Ցորենի ներմուծման համար Հայաստանում զրոյական մաքսատուրք է, ՄՄ-ում՝ 5%։ Սակայն դա մեզ վրա որեւէ կերպ չի ազդի, որովհետեւ ցորեն Հայաստան ներմուծվում է Ռուսաստանից եւ մի փոքր էլ՝ Ղազախստանից։

Սակայն կան առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնց դեպքում պատկերն ավելի տխուր է։ Օրինակ՝ դեղամիջոցները։ Դեղամիջոցները ՀՀ ներմուծման կառուցվածքում առաջին տասնյակի մեջ են. 2012 թվականին, օրինակ, Հայաստան է ներմուծվել 94 միլիոն դոլարի դեղորայք։ ՀՀ-ում դեղորայքի ներմուծման համար գործում է զրոյական մաքսատուրք, իսկ ՄՄ-ում՝ 8-12.5%: Ու քանի որ դեղորայքի մեծ մասը բերվում է եվրոպական երկրներից (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա) եւ ԱՄՆ-ից, ապա դժվար չէ ենթադրել, որ դեղորայքի գինը կարող է թանկանալ նվազագույնը 8%-ով։ Հետաքրքրվողների համար նշենք, որ Ռուսաստանից 2012-ին ներմուծվել է ընդամենը 3.5 միլիոն դոլարի դեղորայք։

Շաքարավազի ներմուծման համար Հայաստանում գործում է 10% մաքսատուրք։ Դա կազմում է 60-65 դոլար՝ 1 տոննայի համար։ ՄՄ մաքսային օրենսգրքով շաքարավազի 1 տոննայի համար գանձվում է միջինը 250 դոլար։

Թռչնամսի համար նույնպես Հայաստանում մաքսատուրքը 10% է։ ՄՄ-ում՝ 25%, սակայն ոչ պակաս, քան 0.2 եվրո՝ 1կգ-ի համար։

ՄՄ-ում բավականին բարձր է նաեւ զուգարանի թղթի մաքսատուրքը (17.5-18.5 տոկոս)։ Հայաստանում գործում է 10 մաքսատուրք, իսկ զուգարանի թուղթը ներմուծվում է մեծ մասամբ Լեհաստանից եւ այլ եվրոպական երկրներից, մի որոշ մաս էլ՝ Թուրքիայից, Չինաստանից եւ Ուկրաինայից։

Եթե գործեն ՄՄ մաքսատուրքերը, ապա զուգարանի թղթի գինը Հայաստանում կբարձրանա 7-8%-ով։

Այսինքն, ի մի բերելով՝ կարող ենք ասել, որ թանկանալու է ոչ միայն ուտելու, այլ կերածը մարսելու պրոցեսը։ Եթե, իհարկե, ՄՄ-ի հետ մաքսատուրքերի հարցում հնարավոր չլինի համաձայնության գալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիներն անձնագիր ստանալիս ոստիկանապետի հետ գնում են ՕՎԻՐ. ՉԻ’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մովսիսյանի դեսպան եղբոր եկամուտները ուշագրավ օրինաչափությամբ են ավելանում. «Ժողովուրդ»’