‘ՄՄ «ճանապարհի քարտեզը» կպատրաստվի մինչև դեկտեմբեր, Եվրասիական տնտեսական միությունը կսկսի գործել 2015թ.’

1101

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհի քարտեզը» պետք է պատրաստ լինի մինչև Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) դեկտեմբերյան գագաթնաժողովը, որը կկայանա Մոսկվայում: Այդ մասին հոկտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ամփոփելով ԵԲՏԽ-ի՝ նախօրյակին ուշ երեկոյան ավարտված գագաթնաժողովի արդյունքները, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Հայաստանի վերաբերյալ կոնկրետ որոշում է ընդունվել առ այն, որ աշխատանքային խումբն սկսում է աշխատանքը, և  «ճանապարհի քարտեզն» ու առաջին արդյունքները պետք է ներկայացվեն  Խորհրդի՝ դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք նիստում»,- ասել է նա:

Շուվալովը հավելել է, որ Հայաստանը խոստանում է Մաքսային միությանը անդամակցելու համար անհրաժեշտ նորմատիվային-իրավական բազան ընդունել մի քանի ամսվա ընթացքում:

Նա չի բացառել, որ ինտեգրացիոն միավորմանը Հայաստանի միանալը տեղի կունենա երկու փուլով՝ Սաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը:

Իր հերթին՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միությունը իր աշխատանքը կսկսի 2015-ի հունվարի 1-ից: Նա նշել է, որ դրա համար պետք է նախ հաջորդ տարվա մայիսին ստեղծել փաստաթղթի նախագիծը, որպեսզի երկրների խորհրդարանները կես տարում հասցնեն վավերացնել այն:

Նախորդ հոդվածը‘Համաներմամբ` հոկտեմբերի 24-ի դրությամբ ազատ արձակվածների թիվը’
Հաջորդ հոդվածը‘Փոքրիկ Շանթի բուժման համար 25.000 ԱՄՆ դոլար է անրաժեշտ. հարազատներն ապավինում են բարի մարդկանց օգնությանը’