‘
Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը վստահ է, որ Հովիկ Աբրահամյանը չի գիտակցել, թե ինչ պատասխանատվության բեռ է վերցրել՝ ԱԺ ամբիոնից «նոր Մարտի 1»-ով սպառնալով ընդդիմությանը:
«Հայաստանում առկա մթնոլորտը կարծես թե խուճապի է մատնել իշխանություններին, եւ այս կամ այն պաշտոնյայի կողմից ջղագրգիռ հայտարարություններ են հնչում: Առավելեւս, երկրի վարչապետը նման հայտարարություն անելով՝ լուրջ պատասխանատվություն է վերցնում իր վրա», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Մալխասյանը:
Նրա խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ, բացի սպառնալիքից, նաեւ խոստովանություն կար: «Մինչեւ հիմա նրանք հերքում էին, որ Մարտի 1-ին ժողովրդի հանդեպ բարբարոս գործողությունների են դիմել, այժմ այդ պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա»:
Մյասնիկ Մալխասյանի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի արտահայտությունը միակ անսովոր հայտարարությունը չէր երեկ: Ըստ Մալխասյանի՝ զարմանալի էր նաեւ Սեյրան Սարոյանի հայտարարությունը (հիշեցնենք, որ ելույթ ունենալով «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ՝ Սեյրան Սարոյանը, մասնավորապես, ասել էր. «Արեք, էս մի անգամ էլ մի քննարկեք, արեք` էս մի անգամ էլ ժողովրդի սրտովն անենք: Ես տենում եմ, որ սաղիս մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով ըլնի, ի՞նչ ենք քննարկելու էդքան, բերեք ոնց կա, տենց թողնենք, մարդիկ էթան-աշխատեն, էլ ի՞նչ եք քննարկելու, ասեք` տենամ, ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին»- iLur.am): «Կարծում եմ՝ նա անկեղծ էր: Կարծում եմ, որ նույնիսկ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ գիտակցում են, որ երկրում վիճակը գնալով ծանրանում է, եւ արտագաղթը, սոցիալական ծանր վիճակը, արտաքին մարտահրավերները, դրանք բոլորը չտրամաբանված, անհեռատես քաղաքականության արդյունք են», — ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ հետ հարցուպատասխանի ժամին Հովիկ Աբրահամյանը, դիմելով ընդդիմությանը՝ ասաց. «Ձեր ուզածն ի՞նչ է: Իշխանափոխությո՞ւն, հեղափոխությո՞ւն եք ուզում: Չի՛ լինելու դա, ի՞նչ է՝ նոր մարտի 1 եք ուզո՞ւմ»:
‘