‘Մյասնիկ Մալխասյան. Մենք շարունակելու ենք մեր պայքարը, մինչև հասնենք մեր ուզած հանգրվանին, մինչև կառուցվի մեր երազած Հայաստանը ‘

1170

Պարոն Մալխասյան, Հայ ազգային կոնգրեսն այսօր նիստ է հրավիրել, Դուք մասնակցելո՞ւ եք «պայթյունավտանգ» այդ նիստին:

— Ես ՀԱԿ-ի քաղխորհրդի անդամ չեմ, քաղխորհրդի նիստերին մասնակցում են քաղխորհրդի անդամները:

Իսկ ընդհանրապես Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե իրականում ինչ է կատարվում ՀԱԿում: Կարծես Դուք էլ եք մի կողմ «քաշվել» ու չեք խառնվում Կոնգրեսում կատարվող իրադարձություններին:

— Անշուշտ հետաքրքրում է, ես ՀԱԿ-ի ճակատագրով առաջին իսկ օրվանից առ այսօր հետաքրքրվում եմ, իմ մասնակցության ձևաչափը չի փոխվել:

Այժմ բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի միջև տեղի ունեցող հակամարտությունը: Ի՞նչ է կատարվում իրականում, Դուք տեղյա՞կ եք:

— Ես տեղյակ եմ այնքանով որքանով մամուլում են տեղեկություններ հրապարակվում, ու չեմ կարծում, որ Մակեյանի ասածներն այդտեղ դոմինանտ են: Նա կարող է իր տեսակետը հայտնել, իսկ որոշումները կայացնում է քաղաքական խորհուրդը: Այսքանը:

Նշվում է նաև, որ ՀԱԿի «կազմաքանդման» գործում մեծ դերակատարություն ունի Գագիկ Ջհանգիրյանը:

— Ես միանշանակ կասեմ, որ այդպիսի բան չի կարող լինել, նախ՝ ՀԱԿ-ը քանդված չէ, և կարծում եմ առաջիկայում իր ուժերը կհավաքի և իր ասելիքը կասի: Կարծում եմ՝ ավելորդ խոսակցություններ են:

ՀԱԿ շատ անդամներ դժգոհում են, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն ՏերՊետրոսյանն իր թիմակիցների հետ շփվում է միայն ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի միջոցով:

— Իհարկե նման բան չկա, եթե ինչ-որ մեկը Լևոն Տեր-Պետրոսյանին ասելիք ունի, քննարկելու բան ունի, կարող է գնալ ու քննարկել:

Օրինակ՝ Դուք ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել Լևոն ՏերՊետրոսյանին ու ի՞նչ հարցեր եք քննարկել նրա հետ: ՏերՊետրոսյանը տեղյա՞կ է, թե ինչ խմորումներ են տեղի ունենում Կոնգրեսում:

— Հունվարի 9-ին եմ հանդիպել՝ իր ծննդյան օրը: ՀԱԿ-ում ի՞նչ է կատարվում, ՀԱԿ-ում ընդամենը բազմակարծություն է, որտեղ ամեն մեկը կարող է իր կարծիքն արտահայտել: Այդտեղ վատ բա՞ն կա:

Բայց Ձեր նշած «բազմակարծության» պատճառով ՀԱԿն այսօր կազմաքանդվել է ու փլուզման եզրին է:

— Բազմակարծությունից, ընդհակառակը, ամրանում են, հզորանում, չեմ կարծում, որ բազմակարծությունից փլուզում տեղի կունենա:

Բայց փաստն այն է, որ միայն դժգոհություններ են լսվում այս ընթացքում, իսկ Լևոն ՏերՊետրոսյանը չի էլ արձագանքում: Ըստ Զեզ՝ նրան չի՞ հետաքրքրում Կոնգրեսի ճակատագիրը:

— Այդ հարցերն ուղղեք Լևոն Տեր-Պետրոսյանին:

Իսկ նրա վերջին հայտարարությունն ինչ նշանակություն ունեցավ Ձեզ համար, դա փախո՞ւստ էր պայքարից, թե՞ հեռացում քաղաքականությունից:

— Տեր-Պետրոսյանն իր հայտարարությունով հանգամանալից բացատրեց, և կարծում եմ հավելյալ բացատրության կարիք չի զգացվում: Այնտեղ ամեն ինչ պարզ ասված է:

Դուք արդեն որոշե՞լ եք, թե ինչ եք անելու: Ի վերջո, պատգամավոր էիք, ԵԿՄ փոխնախագահ, կորցրիք Ձեր դիրքը, հնարավորությունները, որպեսզի կանգնեիք Լևոն ՏերՊետրոսյանի կողքին, սակայն նա բոլորին հիասթափեցրեց ու խաբեց:

— Նման զգացողություն չկա՝ խաբված լինելու, ես չեմ պայքարել ինչ-որ դիրքեր ունենալու համար: Իմ կենսագրությունը, իմ ընկերների կենսագրությունը գալիս է ապացուցելու, որ հանուն ժողովրդավարության, հանուն մեր երկրի հզորացման, զարգացման մենք թողել ենք մանդատը, որպեսզի մեր ժողովուրդն արժանապատիվ ապրելու իրավունք ունենա: Կարծում եմ, որ այդ պայքարի ճանապարհ բռնողն իրեն խաբված չի զգա: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, մինչև հասնենք մեր ուզած հանգրվանին, մինչև կառուցվի մեր երազած Հայաստանը:

 

Ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր, Կոնգրեսի ներկայացուցիչ Մյասնիկ Մալխասյանը պատասխանել է «Ժողովուրդ»ի հարցերին 
 

Նախորդ հոդվածը‘Դասախոսին սեռական ոտնձգության մեջ մեղադրող ուսանողուհուն սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում ‘
Հաջորդ հոդվածը‘Դերենիկ Դումանյանը հանձնարարել է ուսումնասիրել ատամնաբույժների բարձրացրած խնդիրները’