‘
ԱՄՆ-ում շարունակում է մինչմրցաշրջանային պատրաստություն անցկացնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Այս անգամ «կարմիր սատանաներ»-ը ստուգողական հանդիպման շրջանակներում մրցեցին «Ռեալ Սոլթ-Լեյք»-ի հետ:
Հանդիպումն անցավ անգլիական ակումբի առավելությամբ, որոնք էլ կամային հաղթանակ տոնեցին՝ 1:2 հաշվով: Խաղի ընթացքում մանկունիանցիներից հաշիվը 29-րդ րոպեին հավասարեցրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայազգի ֆուտբոլիստը լավագույններից էր դաշտում: 38-րդ րոպեին նա կարողացավ գոլային փոխանցմում կատարել Ռոմելու Լուկակուին՝ օգնելով բելգիացուն խփել իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Հիշեցնենք, որ Մխիթարյանը աչքի էր ընկել նաև «Լոս Անջելես Գելաքսի»-ի դեմ կայացած նախորդ խաղում:
Տեղեկացնենք նաև, որ «Ռեալ Սոլթ-Լեյք»-ի կազմում խաղին հայտավորված չէր Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հայ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ կայացած ընկերական հանդիպմանը.
«Մովսիսյանը մարզումներից մեկի ժամանակ վնասվածք է ստացել: Այժմ նա ապաքինվում է և մենք սպասում ենք նրա վերադարձին»,- ամերիկյան թիմի գլխավոր մարզիչ Մայք Պետկեի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
‘