‘
Մշակույթի նախարարությունը չի թույլատրել շինարարություն իրականացնել Փակ շուկայում: Այս մասին այսօր Եվրոպական ժառանգության օրերին նվիրված մամուլի ասուլին՝ անդրադառնալով Փակ շուկայում ավարտին մոտեցող շինարարությանը, ասաց մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:
«Մշակույթի նախարարությունն իր դիրքորոշումը բազմիցս հայտնել է: Այնտեղ իրականացվող շինարարությունն ապօրինի է: Նախարարությունն իր իրավասության սահմաններում մշտապես բարձրաձայնել է այդ մասին և աշխատել իրեն վերապահված լիազորությունների սահմանում»,- նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ նախարարությունը բազմիցս նամակներ է ուղարկել հարցով լիազոր բոլոր մարմիններին:
«Մենք դատախազության գուրծառույթ չունենք, կարող ենք միայն մեր դիրքորոշումն արտահայտել»,- ասաց Արև Սամուելյանը:
PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում փոխնախարարը հավելեց, որ բոլոր օրերին ու, հատկապես, Եվրոպական ժառանգության օրերին, «պետք է հարգել ու սիրել սեփական ժառանգությունը», ու դա վերաբերում է բոլորին՝ «սովորական քաղաքացուց՝ մինչև ամենապաշտոնատար անձանց»:
«Գուցե դժվարությամբ, բայց մեր իրավասության սահմաններում մենք արել ենք ամեն ինչ»,- եզրափակեց Սամուելյանը:
Օրերս համացանցում տարածվել էին Փակ շուկայի նոր լուսանկարները, որտեղ երևում էր ներսում ընթացող շինարարության ընթացքը: Լուսանկարները մեծ աղմուկ էին բարձրացրել համացանցում, որից հետո «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ: Դրանով շարժումը կոչ էր անում կասեցնել ապօրինի շինարարական գործողությունները: Խումբը նաև հուշարձանը հետագայում փչացնելուց դադարեցնելու նպատակով նախաձեռնել էր հերթապահություններ:
‘