‘«Մշակույթի պատուհաս» Հասմիկ Պողոսյանի փոխարեն, «Զվարթնոցի» վարիչն է ազատվել աշխատանքից’

1550

«Ժողովուրդը» գրում է. ««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, հունիսի 14-ին «Տրոյկա Դիալոգ» ընկերության կազմակերպած փարթիից հետո հասարակության լայն շերտերում առաջացած դժգոհությունների առիթով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ որոշվել է խիստ նկատողություն հայտնել Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին: Իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վարդան Գրիգորյանն ազատվել է աշխատանքից:

Այս պաշտոնյան փարթիի կազմակերպման վերաբերյալ հարցին ԶԼՄ-ներին պատասխանել էր, որ միջոցառումն անցկացնելու դիմաց արգելոց-թանգարանի կենտրոնական 4 սանհանգույցներն են վերանորոգել: Սա նշանակում է, որ Մշակույթի նախարարության գերնպատակը զուգարան սարքելն է՝ թեկուզ սրբապղծության գնով: Հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ էլ նախկին վարչապետն էր գերթանկարժեք բիոզուգարաններով զարգացնում զբոսաշրջությունը Հայաստանում:

Սակայն Հայաստանում զարգացման տեմպերը դանդաղում են, քանի որ վարչապետը և իշխանության վերին օղակները փոխանակ «ձուկը գլխից» բռնեն, պոչին են դիպչում միայն:

Ի՞նչ է ստացվում. գործարար Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է Հասմիկ Պողոսյանին, արգելոց թանգարանը վարձակալելու և «քեֆ անելու» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել, սակայն քեֆից հետո աշխատանքից ազատվել է ՊՈԱԿ-ի մի մասնաճյուղի տնօրեն:

Մինչդեռ մշակութային գործիչների բնորոշմամբ՝ «մշակույթի պատուհաս» Հասմիկ Պողոսյանին ազատելու փոխարեն, մասնաճյուղի մի խեղճ ու կրակ տնօրեն ազատվեց»:

Ներկայացնենք նաև Մշակույթի նախարարության հաղորդագրությունը.

Հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Նախորդ հոդվածը‘Միայն երկար քաշքշուկից հետո է դատապարտյալի նկատմամբ կիրառվել համաներումը. ՄԻՊ’
Հաջորդ հոդվածը‘Նոր արագաչափեր Երևանում’