Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին զարգացող երկրներին կոչ է արել միավորել ջանքերը և միասնաբար հանդես գալ միջազգային ասպարեզում սեփական շահերի պաշտպանությամբ։
Հնդկաստանի կառավարության ղեկավարը ելույթ է ունեցել «Գլոբալ Հարավի ձայնը» երկօրյա օնլայն գագաթնաժողովի բացմանը։ Պայմանականորեն՝ «Գլոբալ Հարավ» են անվանում Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները, խաղաղօվկիանոսյան կղզիները, ինչպես նաև Ասիայի զարգացող երկրները։
«Մենք աջակցել ենք միմյանց օտարերկրա տիրապետության դեմ պայքարում, և մենք դա կարող ենք նորից անել այս հարյուրամյակում, որպեսզի նոր համաշխարհային կարգ ստեղծենք, որը կապահովի մեր քաղաքացիների բարեկեցությունը։ Ձեր ձայնը Հնդկաստանի ձայնն է, իսկ ձեր առաջնահերթությունները՝ Հնդկաստանի առաջնահերթություններն են»,- ասել է Մոդին։
Վարչապետը շեշտել է, որ ներկայումս առկա խնդիրները Գլոբալ Հարավը չի ստեղծել, բայց դրանք «հատկապես» հենց նրա վրա են ազդում։ «Մենք պետք է գլոբալ արձագանքման, ճանաչման, հարգանքի և պատասխան գործողությունների միասնական ծրագիր ունենանք։ Չնայած այն խնդիրներին, որոնց բախվում է զարգացող աշխարհը, ես պահպանում եմ լավատեսությունը՝ մեր ժամանակը գալու է»,- նշել է Հնդկաստանի վարչապետը։
Փոխանցում է tass.ru-ն։