Մոլդովայի իշխանությունները պաշտոնից հեռացրել և ձերբակալել են երկրի գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյին, նրա դեմ քրեական գործ է հարուցվել կոռուպցիայի մեղադրանքով։
Երկրի նախագահ Մայա Սանդուն բազմիցս հայտարարել է, որ Ստոյանոգլոն ջանում է պաշտպանել կոռումպացված քաղաքական գործիչներին և գործարարներին։
Ի պատասխան՝ գլխավոր դատախազը նախագահին մեղադրել է ուժային գերատեսչությունը քաղաքական նպատակներով օգտագործելու ցանկության մեջ։
Ալեքսանդր Ստոյանոգլոն Մոլդովայի գլխավոր դատախազությունը ղեկավարել է 2019 թ․ նոյեմբերից, նրան նշանակել էր երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը՝ իր հրաժարականից և իշխանությունը Սանդուին փոխանցելուց մի քանի շաբաթ առաջ։
Ստոյանոգլոյի աշխատանքի ստուգումներն սկսվել են Մոլդովայի իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավոր Լիլիան Կարպի և արդարադատության նախարար Լիտվինենկոյի դիմումի համաձայն։
Ի թիվս այլ հարցերի՝ Կարպը գլխավոր դատախազին մեղադրում է նաև այն բանի համար, որ 2012 թ․ նա, լինելով պատգամավոր, լրացումներ է առաջարկել «Փողերի լվացման դեմ» օրենքում, ինչը 2014 թ․ օգնել է մոլդովական բանկային համակարգի միջոցով «լվանալ» միլիարդավոր դոլարներ՝այն սխեմայով, որը նկարագրվել է OCCRP խմբի լրագրողական հետաքննության մեջ․ փողը Մոլդովա է ժամանել վարկերի վճարման տեսքով։
Փոխանցում է BBC-ն։