‘Մոլդովան «կորցրել» է իր օլիմպիական մեդալակրին. Նա փախել է Ադրբեջան’

719

Մոլդովայում սկանդալ է հասունանում օլիմպիական մեդալակիր Քրիստինա Իովուի շուրջ: Երիտասարդ ծանրորդուհին, որն անցյալ տարվա Օլիմպիադայում իր երկրին բրոնզե մեդալ էր բերել, այս տարեսկզբին հավաքի է մեկնել Ադրբեջան: Եւ մինչ օրս չի վերադարձել: Լուրեր են տարածվել, թե Բաքվում մարզուհուն գայթակղիչ առաջարկ է արվել (իբր՝ նրան մեկ միլիոն եվրո են խոստացել), և իբր՝ նա համաձայնել է փոխել քաղաքացիությունը, համապատասխանաբար՝ նաև երկիրը, որի կողմից այսուհետ հանդես է գալու:

Երբ այս առթիվ իր դժգոհությունը հայտնեց Մոլդովայի ազգային օլիմպիական կոմիտեն, հարցին միջամտեց նաև սահմանապահ ոստիկանությունը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ մարզուհին ծառայում է այդ կառույցում, ենթասպայի կոչում ունի և ամեն ամիս թոշակ է ստանում (առհասարակ՝անցյալ տարվա Օլիմպիադային մասնակցած մոլդովացի մարզիկների մեծ մասը ՆԳՆ աշխատակիցներ էին): Այժմ ծանրորդուհուն կասկածում են «դասալքության» մեջ, ընդ որում՝ այս մեղադրանքը շտապել է բարձրաձայնել Մոլդովայի ԱՕԿ-ը: «Նա ծառայում է սահմանապահ ոստիկանությունում: Մենք ուզում ենք իմանալ՝ Իովուն դասալքե՞լ է, թե՞ ժամանակավորապես մեկնել է, արդյո՞ք օրենքը չի խախտվել,- ասել է կոմիտեի նախագահ Նիկոլայ Ժուրավսկին:- Նա զինվորական է: Նա իրավունք չունի մնալ օտար երկրում, նա խախտում է արտասահմանում գտնվելու վերաբերյալ օրենքը»: Ի հավելումն՝ Ժուրավսկին սպառնացել է, որ եթե մոտ ժամանակներս մարզուհին չվերադառնա, նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի, և գործը կստանձնի Ինտերպոլը:  Ոստիկանության ներկայացուցիչն իր կողմից հաստատել է, որ Քրիստինա Իովուի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանն առաջարկում է ՀԱԿ կուսակցությունը ձեւավորել ՀՀՇ անվանափոխման միջոցով’
Հաջորդ հոդվածը‘«Հյուրիեթ». Թուրքիան Հայաստանին առաջարկել է մասնակցել տարածաշրջանային նախագծին’