Մոլդովայի ԱԳՆ ղեկավար Նիկոլայ Պոպեսկուն Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել օլիգարխ և «Շոռ» կուսակցության ղեկավար Իլան Շոռի նկատմամբ՝ մեղադրելով նրան Մոսկվայի աջակցությամբ Քիշնևի դեմ հիբրիդային պատերազմ մղելու մեջ։
«Մենք մոտ ապագայում մոլդովական սահմանի մոտ ռազմական սցենարների վտանգ չենք տեսնում՝ ուկրաինական դիմադրության և տոկունության շնորհիվ,- ասել է Պոպեսկուն Financial Times թերթին տված հարցազրույցում։- Սակայն հիբրիդային քայքայիչ գործողությունները, պետական հեղաշրջման փորձերը – այո, նման վտանգ առկա է։ Այդ օլիգարխը շարունակում է հարձակումները Մոլդովայի վրա։ Հուսով ենք, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի, ի շահ Ռուսաստանի կամ նրա հետ միասին, Մոլդովայի կառավարության դեմ հիբրիդային պատերազմ մղող կոռումպացված անձանց դեմ»։
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Ռուսաստանին մեղադրել է հիբրիդային պատերազմ մղելու համար՝ բողոքի ցույցերի միջոցով երկրում իշխանությանը տապալելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով։ Մոլդովայի նախագահը հայտարարել է ընդդիմադիր ուժերի, այդ թվում՝ «Շոռ» կուսակցության մասնակցությամբ պետական հեղաշրջման վտանգի մասին։ Նա հանդես է եկել հատուկ ծառայություններին և մյուս իրավապահ մարմիններին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու առաջարկով։
Մոլդովայում 2022 թ․ ամռանը զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել Սանդուի և կառավարության հրաժարականի պահանջով։ Ցուցարարները իշխանությունների վրա են դնում երկրում տնտեսական ճգնաժամի՝ սննդամթերքի, գազի, էլեկտրականության, կոմունալ ծառայությունների, բենզինի ու վառելիքի գների աճի պատասխանատվությունը։
Փոխանցում է tass.ru-ն։