‘Մոմավառություն` ի հիշատակ սահմանին զոհված սերժանտի’

650

Այսօր` ժամը 18:00-ին, Ավան վարչական շրջանի 14-րդ փողոց, 8-րդ տուն հասցեում տեղի կունենա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը, ով հերոսաբար զոհվեց հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` պահելով դիրքերը, և այդ կերպով փրկեց իր ընկերներին, իսկ գուցե նաև բոլորիս:
Հերոսներն այսպիսին են լինում: Այսօր այն օրն է, երբ մենք բոլորս մի մարդու պես պետք է մասնակցենք հոգեհանգստի արարողությանը ու պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք դեռ կյանք չմտած, բայց արդեն հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտին:
Թող թշնամին իմանա, որ մենք` հայերս, պատրաստ ենք ազգովի ոտքի կանգնել հանուն մեր զինվորի: Բերեք այսօր Ձեզ հետ մեկական մոմ, ու մոմավառությամբ կհիշատակենք մեր հերոս զինվորին:

Մահ իմացյալ` անմահություն է…

Հավերժ փառք մեր հերոսին:

Աղբյուրը

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:

Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը‘Լավրով. ԼՂ խնդրի լուծումը կախված է հակամարտող կողմերի կամքից’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’