‘Մոնիտորինգի տակ չե՞ս. Կամ Ամերիկայում «վերապատրաստվածը» ‘

972

Երեքշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հյուրընկալվել էր  «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում, որտեղ  պատասխանել է իր ներկայացրած քաղաքական ուժի՝ որպես կուսակցություն վերակազմավորվելու ծրագրերի, հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հարցերին։  Հարցազրույցը վարել է «Ազատություն» ռադիոկայանի  հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը։

 

Հարցազրույցը հեռարձակվել է «online» ռեժիմով եւ հարցազրույցի մեկնարկից րոպեներ անց ֆեյսբուքում սկսեցին կարծիքներ հնչել՝ կապված Հրայր Թամրազյանի պահվածքի հետ։ Սկզբում անհասկանալի էր, թե ի՞նչն է առաջացրել ֆեյսբուքահայության զայրույթը, հետո, երբ դիտեցինք հարցազրույցի տեսաձայնագրությունը՝ հասկացանք, թե ինչի մասին է խոսքը։  Նախ մեջբերենք ֆեյսբուքյան կարծիքներ.

 

Եվա Ադամյան. — Եւ կրկին ազատություն «Ազատություն» ռադիոկայանին։ Լեւոն Զուրաբյանի հետ հարցազրույցի ընթացքում Հրայր Թամրազյանը խայտառակեց ռադիոկայանը ու հերթական անգամ բացահայտեց դրա իրական դեմքը։

 

Տաթեւիկ Պողպատյան. — Երեւի հիշում եք, թե ինչ տոնով էր խոսում Հրայր Թամրազյանը Սերժիկի հետ։ Այ սենց են անում, որ «Ազատության» խիյարը թարս ա բուսնում։

 

Քրիստինե Խանումյան.-  Երբ Հրայր Թամրազյանի առաջին հարցազրույցը լսեցի՝ Սերժի հետ, ճիշտն ասած մտածում էի, որ ինքը ձայնի հետ խնդիր ունի, ձայնը մի տեսակ դուրս էլ չէր գալիս, հետո մյուսների հետ հարցազրույցների ժամանակ նայեցի՝ մտածեցի, էս ինչ բարձր կլասի հավասարակշռված, չեզոք մարդ ա, բոլորին նույն ձեւի ա հարցեր տալիս, հիմա փաստորեն պարզվում ա, էս մարդը ձայնի հետ խնդիր չունի, ավելին, պարզվում ա պարոն Թամրազյանը՝ այդ չեզոքության եւ կոռեկտության մարմնացումը, ամենեւին էլ չեզոք չի….. Սիրուն չի, պարոն Թամրազյան։

 

Գոհար Սիմոնյան.- Լեւոն Զուրաբյանի հարցազրույցը լուրջ հոգեխանգարմունքի մեջ է գցել հատկապես «հավատացյալ» ոմանց, ովքեր ժամանակին Տեր-Պետրոսյանին հրապարակավ հանճարեղ, Կիլիկիո Լեւոն թագավորի զարմ ու Աստծուց կանչված մեկն էին հայտարարում…

 

Էս մարդիկ սեփական չարությունը, բարդույթները, կիքսերը, այիշ-վեյիշները, իրենց եւ «օխտը մաղից հաց կերած» Հրանտ Թամրազյանի չարությունն ու լակոնիկ ֆաշիզմը բրախած` չարություն են փնտրում էնտեղ, որտեղ բոլորովին ուրիշ բան պիտի փնտրեին ու նաեւ` տեսնեին…

 

Հիմա գանք պարոն Թամրազյանին։ Խնդիրն իհարկե այն չէ, թե ինչ հարցեր է հնչել «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում։ Խնդիրն այն է, որ այս լրատվամիջոցը հասարակությանը ներկայանում է ազատ, հավասարակշռված, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող, ըստ այդմ՝ հայաստանյան իշխանության կողմից չվերահսկվող լրատվամիջոցի իմիջով։ Եվ այս լրատվամիջոցից հասարակական սպասումները, հենց այս պատճառով,  փոքր-ինչ այլ են։ Հիմա «Ազատության» տաղավարում պրոֆեսիոնալ լրագրողը հարցեր է ձեւակերպում այնպիսի կանխակալ վերաբերմունքով եւ ձայնի «մուննաթային» տոնայնությամբ, կարծես բանախոսը իրեն զրկել է շատ կարեւոր մի բանից։ Չարացած, խանդոտ, ագրեսիվ ու հարցի մեջ նեղացած վերաբերմունք դնելով՝ Թամրազյանը փորձում է լսարանի առջեւ կարծիք ստեղծել, թե այս երկրի բոլոր խնդիրների միակ եւ հիմնական մեղավորը ՀԱԿ-ն է, եւ ինքը հիմա հատուկ առաքելություն ունի բացելու բոլորի աչքերը եւ հասկացնելու, թե ինչ չարիք է վերոնշյալ քաղաքական ուժը։ Եվ, իսկապես, ճիշտ են նկատել ֆեյսբուքցիները, որ պարոն Թամրազյանը իրեն բոլորովին այլ կերպ է «դրսեւորել», օրինակ, Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի շրջանակներում։ Եվ դարձյալ՝ խոսքը հարցադրումների սրության մասին չէ։

Հանրային հեռուստաընկերության «աստղ» համարվող քաղաքական վերլուծաբանները հիմա աշխատում են հենց նույն սկզբունքով։ Օրինակ, օրեր առաջ Հ1-ով եթեր հեռարձակվող «Առաջին հարցազրույց»-ի տաղավարում՝ քաղաքական մեկնաբան Նվեր Մնացականյանի մոտ հյուրընկալվել էր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի  Հովհաննիսյանը, որն հայտարարեց, թե քսան տարվա մեջ հայ ժողովուրդը այդպես էլ չի ունեցել նախագահ, որին ցանկացել է։ Նվեր Մնացականյանը ոչ միայն չհակադրվեց Հովհաննիսյանի ստին, այլ նաեւ գլուխը դրականորեն տարուբերեց։ Հիմա, երբ Հ1-ն է այդպես վարվում, բոլորի համար դա բնական ու սովորական է, բայց երբ «Ազատություն» ռադիոկայանի «աստղ» համարվող քաղաքական վերլուծաբանն է իրեն թույլ տալիս տաղավարում թույն թափել բանախոսի վրա՝ այստեղ ահա մտածելու առիթ կա։

Հավանաբար ամերիկյան համապատասխան կառույցների՝ հայկական եթերը մոնիտորինգի  ենթարկելու ծրագրում, հասկանալի պատճառներով, ընդգրկված չէ «Ազատություն» ռադիոկայանը։ Երեւի վստահել են դրսում «վերապատրաստված» իրենց կադրին, բայց վերահսկողությունից դուրս են թողել՝ մտածելով, որ «վերապատրաստված» կադրը չի կարող «սիրահարվել» որեւէ քաղաքական ուժի եւ այդ սիրո արդյունքում՝ սկսել իրեն տգեղ պահել եթերում։

 

Գոհար Վեզիրյան

ՉԻ 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը ընդամենը 1 անգամ է դեմ քվեարկել’
Հաջորդ հոդվածը‘Տրնդեզի շարադրություններ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում’