‘
Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որը ըստ մամուլում առկա հրապարակումների ցանկանում է հեռանալ «արքայական» ակումբից, ամենայն հավանականությամբ չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ է, որ ակումբը ձեռք բերի 32-ամյա խաղացողի տրանսֆերը: Մասնագետը արդեն ներկայացրել է իր փաստարկները՝ տարիքը, պահանջվող մեծ գումարը և բարձր աշխատավարձը:
Բացի այդ նշվում է նաև, որ Մոուրինյոն ուղղակի չի ցանկանում իր թիմում տեսնել Ռոնալդուին: Պատճառը հավանաբար այն է, որ խաղացողը և մարզիչը այնքան էլ լավ չեն բաժանվել «Ռեալ»-ում համատեղ աշխատանքի ժամանակ:
«Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկրի ծառայություններից հրաժարվելու մյուս պատճառը կարող է լինել պորտուգալացը խաղում հավանական անկումը և թերահավատությունը, որ նա կարող է հեռանալ «Ռեալ»-ից:
Միևնույն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի փոխնախագահ Էդ Վուդվորդը հետաքրքրված է Ռոնալդուի վերադարձով, իսկ Մոուրինյոն շեշտը դրել է մադրիդյան ակումբի մեկ այլ խաղացողի՝ Ալվարո Մորատայի տրանսֆերը գնելու վրա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իսպանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Կրիշտիանու Ռոնալդուն իրեն ուղղված հարկային մեղադրանքների պատճառով ցանկանում է հեռանալ Իսպանայի Լա Լիգայից:
‘