‘
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, թե ինքը մոլորության մեջ էր, երբ խոսել է իր թիմի դեմ մրցավարական դավադրություն կազմակերպելու մասին: Այս մրցաշրջանի ընթացքում Ժոզեն բազմիցս է քննադատել մրցավարներին, իսկ դեկտեմբերին՝ մրցավարական մի շարք սխալներից հետո, ենթադրեց, թե իր թիմի դեմ կամպանիա է ծավալվել:
Այդուհանդերձ, Կապույտները նվաճեցին պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը, եւ Մոուրինյոն ժամանակ ունեցավ, որպեսզի խորհի հուզական պահերին արած հայտարարությունների մասին:
«Ես այն մարդը չեմ, ով զղջում է: Ինչ եղել է՝ եղել է: Պետք է առաջ շարժվենք, ժամանակը հետ չես շրջի: Մեր դեմ բազմաթիվ սխալներ գործեցին: Այդպիսին է իրողությունը, այդպիսին է ֆուտբոլը: Գուցե կամպանիա բառը լավագույնը չէր: Գուցե այդ բառը կբացառեի իմ բացատրություններում, իմ մեկնաբանություններում:
Բայց իրականությունն այն է, որ երկար ժամանակ մեր հանդեպ շատ էին սխալ որոշումներ կայացնում: Խնդիր չկա. ես ինքս էլ եմ սխալվում»:
Պորտուգալացի մասնագետը խոստովանել է, որ պրեմիեր լիգայի վարկածով Տարվա լավագույն մարզչի կոչումն իր համար հաճելի անակնկալ էր:
«Չէի սպասում, ինձ երբեք չեն ճանաչել որպես Ամսվա մարզիչ, բայց ուրախ եմ դրա համար: Դա ակումբի մրցանակն է, այլ ոչ թե անհատական: Դա իմ, իմ օգնականների, իմ խաղացողների, ինձ հետ աշխատողների մրցանակն է: Դա այն է, որին երբեք չես կարող միայնակ հասնել:
Դա տորթի գլազուրն է, բայց ես աշխատում եմ հենց տորթի համար: Պրեմիեր լիգա – ահա իսկական տորթը, բայց, հասկանալի է, Տարվա մարզչի կոչումը շատ հաճելի է»,- ասել է Ժոզեն:
‘