Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առանձնացրել է ավարտվող մրցաշրջանում իր ղեկավարած թիմի գլխավոր խնդիրը։ Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Ռոման» տանը 1։1 հաշվով էր խաղացել հետնապահ «Վենեցիայի» հետ։ Հռոմեական թիմը 16 հարված էր կատարել մրցակցի դարպասին՝ խփելով 1 գոլ։
Այս մրցաշրջանում վերջին տնային խաղից հետո Մոուրինյոն մոտեցել է ֆանատներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։
«Այս մրցաշրջանում շատ ցածր էր մեր գոլային պահերի իրացման տոկոսը։ Այդ իմաստով շատ գործ ունենք եւ հաջորդ մրցաշրջանում պետք է փոխել այդ վիճակագրությունը։
«Ռոմայի» ֆանատներն առանձնահատուկ են, մենք պետք է շնորհակալ լինենք նրանց, եւ եթե կարողանանք նվաճել Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, հուզականության տեսանկյունից շատ ավելի մեծ ազդեցություն կունենա հիմա «Ռոմայի» համար, քան «Ինտերի» կամ «Միլանի» սկուդետոն։ Թիմը եւ ֆանատներն արժանի են գավաթի այս մրցաշրջանում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կմրցի հոլանդական «Ֆեյենորդի» հետ: