‘
Աշխատանքի առաջին շաբաթվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փորձում է ազատվել այն հետքերից, որոնք նրան հիշեցնում են իր նախորդի՝ Լուի վան Գալի մասին։
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Մոուրինյոն կարգադրել է ապամոնտաժել մարզումային դաշտի երկարությամբ տեղադրված տեսախցիկները, ինչի շնորհիվ խաղացողները թեթևություն զգացին։ Այդ տեսախցիկների օգնությամբ վան Գալն իր օգնականների հետ բացահայտում էր մարզումների ժամանակ խաղացողների թերացումները։ Այդպիսի լրտեսական մեթոդներով Լուիի տարվածությունն առաջացրեց թիմի մեծ դժգոհությունը։ Ժոզեն որոշեց, որ պետք է վստահի միայն իր աչքերին։
Բացի դրանից Մոուրինյոն վերացրեց վան Գալի հաստատած կարգուկանոնը, երբ յուրաքանչյուր հանդիպումից հետո հաջորդ օրը թիմը հավաքվում էր և վերլուծում իր ճիշտ ու սխալ գործողությունները։
Ժոզեն չի պատրաստվում լիովին հրաժարվել հանդիպումների քննարկումից, բայց նրա շտաբում միայն մի վերլուծաբան կլինի։ Պորտուգալացին գերադասում է շեշտը դնել ոչ թե վիճակագրության ուսումնասիրության, այլ կոլեկտիվի ներսում ամուր հարաբերությունների հաստատման վրա։
«Խաղացողները հիացած են նոր մարզչի հետ աշխատանքի առաջին օրերից. մարզումային դաշտում կրկին աշխուժություն է նկատվում, յուրաքանչյուր գործողության մեջ գարուն կա։
Մայքլ Կերրիկը հնաբնակներից մեկն է, բայց նա ասաց, թե երազում է, որ կրկին լիներ 25 տարեկան և կարողանար մի քանի տարի հանդես գալ Մոուրինյոյի օրոք։
Անձնակազմից ոմանք արդեն Մոուրինյոյին անվանում են «Պարոն բծախնդրություն»՝ բաղադրիչների հանդեպ նրա ուշադրության պատճառով, սակայն ընդհանուր տրամադրությունն ավելի հանդարտ է։ Խաղացողները գիտեն, թե ինչ իրենցից կպահանջի Ժոզեն, նրանք հիացած են։ Նրանք կրկին ուզում են պայքարել տիտղոսի համար,»- գրում է թերթը։
‘