‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին խոսել է թիմի նորեկ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հիմնական կազմում չընդգրկելու մասին։
Նոր մրցաշրջանում Մխիթարյանը որևէ խաղում մեկնարկային կազմում ընդգրկված չի եղել և երեք անգամ խաղաժամանակ է ստացել։
-Դա դժվար է, բայց եթե Մատան լինի պահեստայինների նստարանին, դուք ասելու եք, որ ես ուզում եմ նրան կազմից դուրս թողնել ու վաճառել։ Երբ ես խաղաժամանակ չեմ տալիս Մարտյալին, դուք ասում եք՝ նա ճգնաժամի մեջ է, երբ հիմնական կազմում չեմ ընդգրկում Յանգին, ասում եք, որ չեմ սիրում նրան, երբ խոսքը Դեպայի մասին է, ասում եք, որ նա ակումբից հեռանալու ճանապարհին է…
Մինչդեռ այդ ամենի պատճառն այն է, որ ես պարզապես մտածում եմ, թե մյուսները (Մխիթարյանի գլխավորությամբ) իրոք լավ են խաղում։ Երբ որոշ մարզիչներ գնում են ֆուտբոլիստների, ապա անպայման մեկնարկային կազմում են ընդգրկում, քանի որ մտածում են ինքնապաշտպանության մասին. «Ես գնել եմ այս մարզիկին և պետք է աշխարհին ցույց տամ, որ դա ճիշտ որոշում էր»։ Իսկ ես առաջինը մտածում եմ թիմի, ոչ թե իմ մասին։
Ես գիտեմ, որ նա գերազանց ֆուտբոլիստ է, վստահ եմ, որ նա հաջողության է հասնելու։ Ես չեմ շտապում ասել, որ նա առաջին րոպեից կմասնակցի բոլոր խաղերին, որ ցույց տամ բոլորին, թե նա ինչքան լավն է, բայց նա պատրաստ է,-Մոուրինյուի խոսքն է փոխանցում «Sky Sports»-ը։
‘