‘Մոսկվայի մետրոյում աղջկան ապտակել են բրիտանական դրոշով շապիկ հագած լինելու համար’

1624

Աննա Ռատաֆևան, որ, ինչպես հետագայում է պարզվել, լրագրող է, հագած է եղել շապիկ, որի վրա պատկերված էր կոմիքսների հայտնի հերոս Սնուփին՝ Մեծ Բրիտանիայի դրոշը պարզած, ներքևում էլ մակագրություն՝ Proud (հպարտ եմ):

Մետրոյի  ուղևորներից մեկը՝ 50-ի մոտ մի կին, երկար զննել է շապիկը, ապա մոտեցել աղջկան ու ապտակել՝ համարելով, որ նման շապիկ հագնելը հայրենասիրական չէ:

Սա արդեն նման առաջին դեպքը չէ, երբ հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր կրում են վերջին շրջանում Ռուսաստանի հետ առանձնապես ջերմ հարաբերություններ չունեցող երկրների խորհրդանշաններ պատկերող հագուստ: Այսպես, մեկ շաբաթ առաջ Մոսկվայում մարաթոնային վազքի ժամանակ երկրպագուներից մեկը հարձակվել էր ուկրաինական շապիկ հագած վազորդուհու վրա: Ընդ որում՝ ո՛չ մյուս երկրպագուները, ո՛չ էլ ոստիկանությունը չէին փորձել պաշտպանել թեթևատլետուհուն: Իսկ հուլիսի վերջին հարձակման էր ենթարկվել Эхо Москвы-ի լրագրողուհին՝ ամերիկյան դրոշի պատկերով շապիկի պատճառով:

Ի դեպ, ըստ ռադիոկայանի անցկացրած հարցման արդյունքների՝ արդյո՞ք պետք է խուսափել արևմտյան խորհրդանշանների պատկերներով հագուստ կրելուց, ռադիոլսողների 70 %-ը բացասական պատասխան է տվել: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեայի առաջնորդը վատառողջ է, բայց հիվանդությունը հայտնի չէ’
Հաջորդ հոդվածը‘Մահմուդ Աբասը Իսրայելին մեղադրում է ցեղասպանության մեջ’