‘
Անհայտ անձինք դանակով մահացու վնասվածքներ են հասցրել Ադրբեջանի մի քաղաքացու, որի դիակը հայտնաբերվել է Մոսկվայի արեւելյան թաղամասում, հայտնում է РИА—Новости-ն` հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ մարմինը հայտնաբերվել է Իզմայլովոյի տարածաշրջանում: Ենթադրաբար՝ մահվան պատճառը դանակով հասցված վերքերն են:
Նախորդ շաբաթ Մոսկվայի Արեւմտյան Բիրյուլյովոյում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը, երբ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը դանակի հարվածով սպանել էր 25-ամյա Եգոր Շչերբակովին, զանգվածային անկարգություններ է հարուցել Ռուսաստանի մայրաքաղաքում: Վերջին մի քանի օրերի ընթացքում ոստիկանությունը ազգայնական ելույթներով աչքի ընկած ավելի քան 300 մարդ է բերման ենթարկել: Այսօր, ավելի վաղ, Մոսկվայի Արեւելյան Բիրյուլյովո թաղամասում հայտնաբերվել է Ուզբեկստանի մի քաղաքացու դիակը, որի վրա նույնպես դանակի հարվածի հետքեր են հայտնաբերվել:
‘