Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցու նկատմամբ հետախուզում էր հայտարարել Հայաստանը

614

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատում է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Քամիլ Զեյնալիի հայտարարություններին, թե Մոսկվայում իրեն ձերբակալել են, քանի որ իր նկատմամբ Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել։

«Նշված անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»,- ասել է Սարգսյանը։

Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում և տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Զեյնալին նշել էր, որ ոստիկաններն իրեն հայտնել են, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանը։ Նա նաև նշել էր, որ փետրվարի 21-ին կկանգնի ռուսական դատարանի առաջ։

«Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ տեղեկատվություն էր հայցել նաև ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազությունից նշել էին, որ Մոսկվայում Քամիլ Զեյնալիի ձերբակալության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության չեն տիրապետում։

Թեմային ավելի վաղ արձագանքել էր նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը՝  նշելով, որ Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան իրավական քայլեր և դիվանագիտական ջանքեր են ձեռնարկում Քամիլ Զեյնալիի իրավունքներն ապահովելու համար։ 

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է ռազմական հանցագործություններ, մասնավորապես` սպանել է խաղաղ բնակչի։

Նախորդ հոդվածըԼևոն Զուրաբյան. 88-ի Խորհուրդը ողջ է, իսկ Հաղթանակի գաղտնիքը՝ նույնը
Հաջորդ հոդվածըԸստ Թեհրանի` փետրվարի 14-ին Իրանում գազատարները պայթեցրել է Իսրայելը