‘
Մոսկվան Բաքվին և Երևանին հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված նրանց պատասխանատվության մասին: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի հետ կապված միջադեպը:
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցնում ենք նրանց պատասխանատվության մասին՝ կապված հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ Սոչիում, Նյու-Պորտում ու Փարիզում նրանց կողմից ստանձնած պարտավորությունների հետ»,- հայտարարել է Լուկաշևիչը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը` աջակցություն խնդրելով ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված «ՄԻ-24» հայկական ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրը ճշտելու հարցում:
‘