‘
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել: ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն հատուկ ներկով տաճարի հետևի պատին ռուսերեն գրառում է արել «В мире идол ничто» (Աշխարհում կուռքն ոչինչ է):
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Ա. Բաբայանը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանն ու հուշարձանի նկատմամբ կատարված իրավախախտման փաստի առթիվ ահազանգել է Կոտայքի մարզի ոստիկանություն:
Նշենք, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը նախատեսում է, որ հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ անհնարինության դեպքում` հատուցել օրենքով սահմանված կարգով: Հավելենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածը պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար նախատեսում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով:
ՌԴ քաղաքացին այժմ Գառնիի ոստիկանությունում փորձում է բացատրել իր արարքի դրդապատճառները:
‘