‘
Ռուսական «sport express»-ն ամփոփելով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածը, կազմել է խորհրդանշական հավաքականը՝ հիմք ընդունելով ամեն տուրում իր կողմից ֆուտբոլիստներին տրված գնահատականները: Այս մասին հաղորդում է armsport.am-ը:
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Ավելին, 26-ամյա հարձակվողն իր միջին գնահատականով լավագույնն է առաջնության առաջին հատվածում:
-Մովսիսյանն աշնանային հատվածում բավականին բարձր արդյունավետություն ցույց տվեց՝ 2 գոլ խփելով Հայաստանի հավաքականի կազմում ու 10 գոլ՝ Ռուսաստանի առաջնությունում: Դա այն դեպքում, երբ առաջնության կեսից նա խաղում էր վնասվածքով ու հայտնի էր, որ վիրահատության պետք է ենթարկվի: Մովսիսյանը ցավազրկող ընդունելով՝ կարողացավ հեթ-տրիկի հեղինակ դառնալ «Զենիթի» հետ խաղում:
Բացի խփած գոլերից, նա նաև օգտակար է գործում պաշտպանվելիս՝ սեփական տուգանային հրապարակում օգնելով պաշտպաններին,- գրել է պարբերականը:
‘