‘Մուշարաֆի՝ դատարան տանող ճանապարհին պայթուցիկ է հայտնաբերվել’

654

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի դատը հետաձգվել է՝ անվտանգության նկատառումներով, հաղորդել է France-Presse գործակալությունը: Այն երթուղու վրա, որով Մուշարաֆը պետք է այսօր ներկայանար դատարան, հայտանբերվել են ռումբի բաղադրիչներ և զենք: Ինչպես տեղեկացրել է քաղաքական գործչի փաստաբանը, ոստիկանությունը ճանապարհի վրա հայտնաբերել է հինգ կգ պայթուցիկներ և դետոնատորներ, ինչպես նաև՝ թաքցված երկու ատրճանակ: Դատավոր Ֆայսալ Արաբը, որը պետք է նախագահեր  Մուշարաֆի դատավարության ժամանակ, հայտարարել է, որ ընբռնումով է մոտենում նախկին նախագահի մտավախությանը և փաստաբաններին առաջարկել է միջնորդել դատավարությունն առանց Մուշարաֆի մասնակցության անցկացնելու համար:

Այսօր Իսլամաբադի դատարանում պետք է քննվեր նախկին նախագահին ներկայացված պետական դավաճանության մեղադրանքը: Խոսքը վերաբերում է 2007 թ. նոյեմբերին նրա կողմից մտցված արտակարգ դրությանը՝ երբ գերագույն դատարանը հրաժարվել էր նրան ճանաչել երկրի ղեկավար: Մուշարաֆն ինքն այն կարծիքի է, որ իր դեմ գործը քաղաքական ենթատեքստ ունի: Եթե նրա մեղքը հաստատվի, ապա նրան սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ, գրում է պակիստանյան The Nation թերթը:

Մուշարաֆը Պակիստանում իշխանության էր եկել 1999 թ. ռազմական հեղաշրջման արդյունքում: Նա երկիրը ղեկավարել է ընդհուպ մինչև 2008 թ., երբ իմպիչմենտի սպառնալիքի տակ ստիպված եղավ հրաժարական տալ և հեռանալ Պակիստանից: Մուշարաֆը Պակիստան վերադարձավ 2013 թ. գարնանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրությամբ: Սակայն նրա թեկնածությունն այդպես էլ չգրանցվեց, իսկ նրան էլ ընդդիմադիրների սպանության և պետական դավաճանության մեղադրանքներ ներկայացվեցին: Այժմ նա ազատության մեջ է գրավի դիմաց, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արթուր Առաքելյանը նշանակվել է տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ’
Հաջորդ հոդվածը‘Պատվաբեր չէ լինել ՀՀ պատմության մեջ վատագույն վարչապետը, բայց լավ աշխատելու փոխարեն մեղադրել կամ փորձել սևացնել ԲՀԿ-ին’