‘Մուսինյան. Հավելյալ փաստական հանգամանքների ճշգրտումից հետո Կոնգրեսը կտա իր վերջնական գնահատականը’

1567

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանությունը այսօր տեսանյութ և տեղեկատվություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ դանակներով ներխուժած անձը բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել: Կատարվածի վերաբերյալ մենք մեկաբանություն խնդրեցինք Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանից:

«Ողջունելի է, որ ոստիկանությունն արագ հայտնաբերեց Կոնգրեսի գրասենյակ ներխուժած զինված անձին: Սակայն այն փաստը, որ հայտնաբերվելուց, բերման ենթարկվելուց և խոստովանական բացատրություն տալուց հետո տվյալ անձը քննչական մարմինների կողմից անհասկանալիորեն ազատ է արձակվել այն դեպքում, երբ եղել է ակնհայտ սպանության սպառնալիք Կոնգրեսի ղեկավարության հասցեին և այդ պահին գրասենյակում գտնված անձանց նկատմամբ, մեզ հիմք է տալիս հեռուն գնացող եզրակացությունների: Իմիջիայլոց, «սպանության սպառնալիք» ձևակերպումը տրվել է հենց Ոստիկանության կողմից, իսկ հանցագործության գործիք դաշույնները առգրավված են: Ուզում եմ նաև նշել, որ միջադեպի բոլոր մանրամասնությունների նկարագրությունները քննչական մարմինների տրամադրության տակ են: Որոշ հավելյալ փաստական հանգամանքների ճշգրտումից հետո Կոնգրեսը կտա իր վերջնական գնահատականը»,- ասաց Մուսինյանը: 

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘«Սաութհեմփթոնի» դարպասապահի անհավանական գոլը խաղի 11-րդ վայրկյանին (տեսանյութ)’