‘«Մուսուլման եղբայրները» ուժերի մոբիլիզացիա է հայտարարել’

911

«Մուսուլման եղբայրները» իրենց կողմնակիցների մոբիլիզացիա է հայտարարել այն բանից հետո, երբ իշխանությունները սպառնացել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ցրել նրանց հանրահավաքը: Օգոստոսի սկզբներին նրանք բարիկադներ էին կառուցել Ռաբաա ալ- Ադաույա մզկիթի մոտ, իսկ հիմա մտադիր են էլի մի քանի ակցիաներ կազմակերպել մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Այդ նպատակով Կահիրե են ժամանում նրանց կողմնակիցները: Շաբաթվա վերջին «Մուսուլման եղբայրները» մտադիր են գրավել Թահրիր հրապարակը և արդեն զգուշացրել են բանակին, որ  ազատեն երկրի գլխավոր հրապարակը, ինչպես նաև նախագահական նստավայրի շրջակայքը:

Երեկ մամուլում հակասական լուրեր էին հաղորդվում մզկիթի մերձակա «տարածքը մաքրելու»՝ իշխանությունների մտադրության վերաբերյալ: Սկզբում կառավարությունը հայտարարել էր, թե պետք է ցուցարարներին օղակի մեջ առնեն՝ անջատելով էլեկտականությունն ու ջուրը: Հետո մամուլում հաղորդագրություն հայտնվեց, թե իշխանությունները հրաժարվել են այդ մտադրությունից: Մինչև ուշ գիշեր տեղական հեռուստակայանները հաղորդում էին, թե լուսաբացին, այնուամենայնիվ, փորձ կարվի ցուցարարներին ուժով դուրս հանել մզկիթի տարածքից, սակայն դա տեղի չունեցավ:

Օգոստոսի 12-ին իսլամական խոշորագույն «Ալ-Ազհար» համալսարանի հովանու ներքո նախատեսված էր հաշտության երկխոսություն սկսել բոլոր քաղաքական ուժերի միջև, սակայն «Մուսուլման եղբայրներն» արդեն կտրականապես հրաժարվել են մասնակցել դրան, քանի դեռ տապալված նախագահ Մոհամեդ Մուրսին չի վերադարձվել իշխանության, հաղորդում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի բաց մարզումը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Բիլ Քլինթոն. Չինաստանն Աֆրիկայում ավելի շատ ներդրումներ է անում, քան ԱՄՆ-ը’