Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Новая газета»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովի շքանշանը Heritage աճուրդում երկուշաբթի օրը վաճառվել է 103,5 մլն դոլարով։
Աճուրդն սկսվելուց առաջ դափնեկրին կրկին հարցրել են՝ արդյո՞ք նա պատրաստ է բաժանվել իր մրցանակից, ինչին Մուրատովը դրական պատասխան է տվել։ Խաղարկությունն սկսվել է 700 հազար դոլար մեկնարկային գնից, սակայն արդեն մի քանի րոպե անց մեդալի համար առաջարկված գումարներն անցել են մի քանի միլիոնից։ 16,6 մլնի հասնելուց հետո անհայտ գնորդը հեռախոսով առաջարկել է 103,5 մլն դոլար, որը ոչ ոք չի գերազանցել։
Գումարն ամբողջությամբ փոխանցվելու է ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային հիմնադրամին։
Շքանշանի վերջնական գինը ավելի քան 20 անգամ գերազանցում է աճուրդում Նոբելյան շքանշանի նախորդ խաղարկության գնից․ 2014 թ․ ամերիկացի կենսաբան Ջեյմս Ուոթսոնի շքանշանը, որը նրան շնորհվել էր ԴՆԹ մոլեկուլի կառուցվածքի հայտնագործության համար, Christie’s աճուրդում վաճառվել էր 4,76 մլն դոլարով։
Ավելի վաղ Մուրատովը «Новая газета»-ի Telegram-ալիքում տեղեկացրել էր, որ մտադիր է աճուրդի դնել իր Նոբելյան շքանշանը՝ ուկրաինացի փախստականներին օգնելու նպատակով։
Փոխանցում է tass.ru-ն։