‘Մուրսիի դեմ բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 32 մարդ է զոհվել’

661

Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների ընթացքում զոհվել է առնվազն 32 մարդ, այսօր հաղորդել է CNN-ը՝ հղում անելով տեղական մամուլին: Տուժածների ընդհանուր թիվը, բժիշկների տվյալներով՝ անցնում է մի քանի հարյուրից: Reuters-ի տվյալների համաձայն՝ զոհվածներից առնվազն չորսը իրավապահ մարմինների աշխատակիցներ են:

Եգիպտոսի իրադարձությունները հակասական արձագանքների են արժանացել: Ինչպես հաղորդել է «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությունը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը մտահոգություն են հայտնել նախագահի հեռացմանն ուղեկցող բռնությունների առիթով և կոչ են արել թույլ չտալ իրավիճակի սրում ու վերադառնալ կառավարման քաղաքացիական կարգին: Եվրամիությունը նույնպես կոչ է արել արագ վերականգնել ժողովրդավարական կարգերը: Մասնավորապես՝ ԵՄ արտաքին գործերի պատասխանատու Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է սեղմ ժամկետում ընդունել սահմանադրություն և անցկացնել նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ողջունել է ռազմական հեղաշրջումը Եգիպտոսում և այն անվանել «քաղաքական իսլամի» վախճանի խորհրդանիշը: Ասադի խոսքերով, որի երկրում երկու տարի է՝ քաղաքացիական պատերազմ է ընթանում, Եգիպտոսի օրինակը ցույց տվեց, որ կրոնական գործիչների փորձերը՝ իրենց վերահսկողության տակ առնել աշխարհիկ պետությունը՝ դատապարտված են ձախողման: Իսկ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլան շնորհավորել է Եգիպտոսի Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրին՝ պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու առիթով, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Երևանում կկայանա «Խաղաղության ձայներ» խորագրով երաժշտական փառատոն’
Հաջորդ հոդվածը‘Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է. Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է (տեսանյութ)’