‘Մուրսիի ընտանիքն սպառնում է դատի տալ զինվորականներին’

614

Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մուրսիի ընտանիքը հուլիսի 22-ին հայտարարել է, որ մտադիր է դատական հայց ներկայացնել Մուրսիին «առևանգած» զինվորականների դեմ, հաղորդում է Reuters-ը: «Ոչ մի իրավաբանական կամ սահմանադրական հիմնավորում գոյություն չունի՝ ձերբակալելու համար մեկին, ում որևէ մեղադրանք չի ներկայացվել»,- հայտարարել է Մուրսիի որդի Ուսաման մամլո ասուլիսում: Նա նաև հավելել է, որ պաշտոնանկ արված նախագահի ընտանիքն անհապաղ իրավական քայլեր կձեռնարկի «Եգիպտոսում և միջազգային մակարդակով»՝ ընդդեմ Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի, ով հուլիսի սկզբին հայտարարել էր երկրի ղեկավարի պաշտոնանկությունը: Նախկին նախագահի որդին նաև պատմել է, որ Եգիպտոսում իշխանափոխությունից հետո Մուրսիի ազգականները չեն կարողանում կապվել նրա հետ և տեղյալ չեն նրա առողջական վիճակից: Ի դեպ, Մուրսիի ազգականներն իրենք հուլիսի սկզբներից ի վեր՝ առաջին անգամ էին ներկայացել հանրությանը: Մուրսիի ընտանիքին աջակցում են իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամները, ինչպես նաև Եգիպտոսում Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր նախկին նախագահի և նրա կողմնակիցների ձերբակալությունն անօրինական են համարում:

Ինչպես հաղորդել է France-Presse գործակալությունը, հուլիսի 22-ին Կահիրեի Թահրիր հրապարակում տեղի է ունեցել Մուրսիի կողմնակիցների հերթական ցույցը: Մուրսիի վարչակազմի հակառակորդների հետ ընդհարումների արդյունքում զոհվել է առնվազն մեկ մարդ, 26 հոգի վիրավորվել է: Եւս երեք մարդ սպանվել են մայրաքաղաքից ոչ հեռու՝ Քալյուբ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Յունայթեդը» լավատես է Բեյլի և Սեսկի հարցում’
Հաջորդ հոդվածը‘Մյանմայի նախագահի համաներմամբ՝ ազատ են արձակվել 70 քաղբանտարկյալներ’