‘Մուրսիի հակառակորդները որոշել են նրան տիեզերք ուղարկել’

571

Եգիպտական ընդդիմադիր «Ապրիլի վեց» շարժման ակտիվիստները որոշել են երկրի նախագահ Մոհամեդ Մուրսիին տիեզերք ուղարկել, հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը: Ինչպես տեղեկացնում է շարժման ֆեյսբուքյան էջը, ակտիվիստները Մուրսիի անունը գրանցել են  հունվարի սկզբին դեզոդորանտ արտադրող ընկերության կողմից հայտարարված միջազգային մրցույթի մասնակիցների ցուցակում: Մրցույթի արդյունքներով հաղթած 25 մասնակիցներին մեկժամյա թռիչք է սպասվում տիեզերանավով: Իրենց հաղորդագրության մեջ շարժման անդամները կոչ են անում ակտիվորեն քվեարկել Եգիպտոսի նախագահի օգտին: «Տիեզերքում ոչ ոք չի ուզում հաշտվել աղաղակող կեղծիքի և սեփական խոստումներից հրաժարվելու հետ՝ բացի Լուսնի եղբայրական բնակչությունից,- ասված է տեքստում:- Հենց դրա համար էլ նախագահին անհրաժեշտ են ձեր ձայները: Նախագահ Մուրսի, ձեզ բարի ճամփորդություն ենք մաղթում», հաղորդում է lenta.ru-ն:

«Ապրիլի վեց» երիտասարդական շարժումը ստեղծվել է 2008 թ. ֆեյսբուքի մի խումբ ակտիվիստների կողմից: 2011 թ. հեղափոխության ժամանակ շարժման մասնակիցներն ակտիվորեն հանդես էին գալիս Հոսնի Մուբարաքի վարչակարգը տապալելու օգտին և 2012 թ. հունիսի ընտրություններում սատարում էին Մոհամեդ Մուրսիին: Սակայն հետագայում շարժման ակտիվիստները դարձան Մուրսիի ամենակատաղի հակառակորդները: Խմբի անդամները Մուրսիին մեղադրում են իշխանությունն ուզուրպացնելու և նախընտրական խոստումները չկատարելու համար:

Նախորդ հոդվածը‘ԱՆ. Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան պատասխանել է Ադրբեջանին ՝Սերժ Սարգսյանին շուտափույթ շնորհավորելու կապակցությամբ’