‘
Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մուրսիին կդատեն ընդդիմադիր ցուցարարներին սպանելու կոչեր անելու համար, հայտարարել է Եգիպտոսի պետական դատախազը: Մեղադրանքը վերաբերում է անցյալ տարվա դեկտեմբերին Կահիրեում՝ նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած բախումներին, որոնց ընթացքում յոթ մարդ էր զոհվել: Նույն մեղադրանքով դատարանի առջև կկանգնեն նաև «Մուսուլման եղբայրների» 14 անդամներ: Դատավարության ժամկետների մասին կհայտարարվի ավելի ուշ:
Մուրսին բանակի կողմից պաշտոնանկ արվեց այս տարվա հուլիսին և այդ ժամանակից ի վեր կալանքի տակ է, սակայն հայտնի չէ, թե որտեղ:
Ավելի վաղ Մուրսիին «բանտարկյալների, սպաների և զինվորների կանխամտածված սպանության» մեղադրանք էր ներկայացվել: Մեղադրանքը վերաբերում էր 2011 թ. Կահիրեում բանտի վրա կատարված հարձակմանը, որի ընթացքում բանտից ազատվել էին Մուրսին և «Մուսուլման եղբայրների» մի քանի ուրիշ առաջնորդներ: Մուրսին մեղադրվում է նաև Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ ծայր առած խռովությունների ընթացքում բանտերի վրա հարձակումներ պլանավորելու և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ դավադրություն կազմակերպելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘