‘Մտորումներ Սերժ Սարգսյանի կայքի մասին’

1076

Թողարկվել է Սերժ Սարգսյանի նախընտրական կայքը:

Կայքի գլխավոր լուսանկարը խորհրդանշական է` Սերժ Սարգսյանը թիկունքով է կանգնած դեպի ժողովուրդը: «Ընտրական շտաբներ» էջում Սերժ Սարգսյանը ժպտում է, այսինքն, անձնական օրինակով է ցույց տալիս, որ լավ է լինելու։ Բայց ինչու՞ «Ընտրական շտաբներ» էջի ներքո։

«Կենսագրություն» էջում նա ապահով նստած է հավանաբար իր աշխատավայրում։

«Տեղեկատվական կենտրոն» էջի հիմնական լուսանկարում նա կանգնած է խոսափողի առջև։

Գլխավոր նորություններից մեկը կոմպոզիտոր, Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակի երգի հեղինակ Ալբերտ Աբգարյանի խոսքն է. «Ինձ համար Հայրենիքն ամեն ինչ է»։

Նա ներկայացնում է տեսահոլովակը և նշում, որ իր համար Հայրենիքը «սկիզբն է ու վերջը»։ Երգում կան այսպիսի բառեր. «Դու ամեն օր պիտի հարցնես, իսկ ինչ եմ իմ երկրի համար արել ես»։

Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Սերժ Սարգսյանը։

Ես, օրինակ, եթե կրկին հարցնեմ ինքս ինձ, միգուցե չգտնեմ, թե ինչ եմ արել իմ երկրի համար։ Եթե չեմ գտնելու, գուցե Սերժ Սարգսյանի՞ն վստահեմ իմ երկրի համար ինչ-որ բան անելու գործը։

Եթե երկրի համար ինչ-որ բան անելն անհատական գործ է, ինչի՞ համար են ընտրությունները, ինչի՞ համար է այս կայքը, ինչու է Սերժ Սարգսյանն ուզում դառնալ նախագահ։ Ես ինչպես ՀՀ քաղաքացիների մեծ մասը ուզում է, որ Հայրենիքում օրենք լինի, օլիգարխ չլինի։ Ինչու՞ երգը, դիցուք այդ մասին չէ, որ ես եմ դա ուզում։

Իսկ եթե Սերժ Սարգսյանն է ուզում, և Նունե Եսայանն էլ իր սոպրանոյով հենց դա է ամրագրում, ինչու՞ են հատկապես երգի տեսքով ներկայացնում իմ պարտավորությունները Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակի մեջ։

«Բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու մեր ջանքերը լինելու են շարունակական և հետևողական»,-գրված է նախընտրական ծրագրի «Աշխատանք և արժանապատիվ վաստակ» էջում։

Սա ասես սպառնալիք լինի, քան լավ կյանքի խոստում։ Ի դեպ, «Կենսագրություն» էջը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը ծնվել է Ստեփանակերտում։

Հետաքրքիր է, կյանքի ո՞ր կետում է այդ մարդն ապրել Տեղ գյուղում, որտեղ 2003-ի ԱԺ ընտրություններում նրա պատգամորի թեկնածու եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը ներկայանում էր որպես այդ գյուղացի։

Հիշեցնենք, որ կայքում կարելի է դիտել «Դեպի ապահով Հայաստան» նախընտրական հոլովակը, և այդ հոլովակի ստեղծման պատմությունը:

Իսկ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը կարելի է ոչ միայն կարդալ, այլ նաեւ լսել (58 րոպե 39 վրկ):

Աղբյուրը՝ a1plus.am

Նախորդ հոդվածը‘Սպառազինության արտահանման ծավալներով Ռուսաստանը գերակատարել է պլանը’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը (ֆոտոշարք)’