‘Մրցանակից հրաժարված գիտնական. Եթե իմ թեկնածուական աստիճանի շնորհումն էլ Հայաստանը տված լիներ, դա էլ կվերադարձնեի’

1240

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի ԳՏԿ–ի ավագ գիտաշխատող Հարություն Կարապետյանը երեկ բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին՝ հայտնելով, որ հրաժարվում է նրա կողմից տրված մրցանակից, և վերադարձնում է դափնեկրի վկայագիրն ու մեդալը, ինչպես նաև համապատասխան դրամական պարգևը:

Հանրապետության գիտության բնագավառում այսօր առկա բացասական երևույթները երկրում արմատավորված քրեաօլիգարխիկ համակարգի ու նրա բարքերի ուղղակի արտապատկերումն են։ Այն, ինչ կատարվում է ամբողջ երկրում, չի կարող չանդրադառնալ նաեւ գիտության ոլորտին։ Այստեղ, նույնպես ծաղկում են կոռուպցիան, հովանավորչությունը, բյուջետային միջոցների չարաշահումներն ու խմբակային մոտեցումները»,– մասնավորապես գրված է բաց նամակում։  «ՀԺ»-ն զրուցել է պարգևներից  հրաժարված գիտնականի հետ։

Պարոն Կարապետյան, երբ մեդալը վերցնում էիք, արդյոք ավելի՞ լավ վիճակ էր։

— Դե, այնքան էլ լավ չէր, բայց այսպես անհույս չէր, և ցինիզմը այս աստիճանի չէր հասնում։ Պարգևների հանձնումը 2008-ին է եղել՝ 2007 թվականին ունեցած ձեռքբերումների համար։

—  Ո՞ր ամսին եք ստացել։

—  Մայիսին էր, կարծեմ։

—  Այսինքն՝ Մարտի 1 ից հետո։

—  Այո։ Չէի ուզում ստանալ, բայց կոլեգաներիս համար հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ եթե հրաժարվեի, նրանք կտուժեին։

—  Մարտի մեկի պատճառո՞վ չէիք ուզում ստանալ։

—  Նաև այդ պատճառով:

—  Կմանրամասնե՞ք՝ կոլեգաները ինչու պիտի տուժեին։

— Եթե այդ մրցանակը չստանայի, իրենք էլ չէին ստանա։ Թիմ էր։

Իսկ ի՞նչը վերջին կաթիլը դարձավ, որ որոշեցիք գնալ մեդալից հրաժարվելու քայլին։

—  Վերջին պարգևատրումները նախագահի կողմից, երբ օրինակ, ԳԱ ակադեմիայի պրեզիդենտին պարգեւ են տալիս, վերջին աստիճանաշնորհումները, որ գիտությունը դարձրել են, չգիտես ինչ։ Նախարարներն ու մարզպետները արդեն համատարած դառնում են գիտությունների թեկնածուներ։ Եթե իմ թեկնածուական աստիճանի շնորհումն էլ Հայաստանը տված լիներ, դա էլ կվերադարձնեի։

—  Ո՞ր մարզպետների ու նախարարերի մասին է խոսքը։

—  Մամուլը բազմիցս գրել է այդ մասին։

—  Այսինքն՝ չեք ուզում մեր մարզպետների ու նախարարների հետ նույն շարքը դասվել։

Ես չեմ ուզում, որ այլասերեն բնագավառը։ Այդքան բան։ Չեմ ուզում մարդը, որը գիտության հետ կապ չունի, ակադեմիկոս դառնա խաբելով:

—  Իսկ ի՞նչ եք կարծում, ձեր այս քայլը սթափեցնող կլինի՞։

—  Աստված գիտի։ Չեմ կարծում, որովհետև այս ամենի մասին 4-5 հոդված եմ գրել։ Ամեն ինչից էլ և վարչապետն է տեղյակ, և նախագահը։

Նախորդ հոդվածը‘Լեյտենանտը մեղադրվում է շարքայիններին ծեծելու համար’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն միակ միջավայրն է, որտեղ Սերժ Սարգսյանը 50 տոկոս ձայն հավաքելու իրական հնարավորություն ունի. Մամուլ’