‘Մրցույթ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար ‘

2967

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթի պայմանները և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:

Գործադիր վարչության տնօրենը, հաշվետու լինելով հոգաբարձուների խորհրդին, գլխավորում է գործադիր վարչությունը և պետք է.

ա) համակարգի Հիմնադրամի գործադիր վարչության գործունեությունը և կապը Հիմնադրամի տեղական մարմինների հետ,

բ) ծրագրերի իրականացման, ֆինանսական խնդիրների վերաբերյալ տեղեկություններ տրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին և տեղական կառույցներին,

գ) համակարգի Հիմնադրամի գործունեության ծրագրի, տարեկան հաշվետվության, տարեկան բյուջեի և դրա կատարման հաշվետվության նախապատրաստումը, ներկայացնի այդ փաստաթղթերը հոգաբարձուներին,

դ) ապահովի Հիմնադրամի գործունեության թափանցիկությունը, հանրության տեղեկացվածությունը հիմնադրամի մասին,

ե) համակարգի Հիմնադրամի գործունեության մոնիտորինգը և գնահատումը,

զ) ապահովի Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության իրականացումը,

է) կատարի և վերահսկի որոշ գնումներ,

ը) ապահովի հոգաբարձուների խորհրդի և դրա նախագահության նիստերի կազմակերպումն ու անցկացումը, այդ թվում` ապահովի հոգաբարձուների խորհրդի անդամներին տեղեկատվական նյութերով, որոշումների նախագծերով և վարի նիստերի արձանագրությունները,

թ) ապահովի Հիմնադրամի մասնակցային գործունեությունը` ստեղծելով և պահպանելով հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարման մարմինների, հոգաբարձուների խորհրդի անդամների և տեղական մարմինների հետ,

ժ) համագործակցի և համակարգի համատեղ ծրագրեր այլ հիմնադրամների, նվիրատու կազմակերպությունների, Սփյուռքի կառույցների հետ,

ժա) կատարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, դրա նախագահության և նախագահի հանձնարարականները:

3. Գործադիր վարչության տնօրենը պետք է բավարարի որակավորման և փորձի հետևյալ պայմաններին`

ա) մագիստրոսի կամ դրան համարժեք կոչում տնտեսագիտության, հասարակական կամ գործարար կառավարման, միջազգային հարաբերությունների կամ հիմնադրամի գործունեությանն առնչվող այլ բնագավառում,

բ) միջազգային, արտասահմանյան կամ մասնավոր աղբյուրներից ֆինանսավորվող՝ զարգացման կամ շինարարության ոլորտի ծրագրերի իրականացման կամ միջազգային կազմակերպություններում կամ հարակից այլ աշխատանքի առնվազն 7 տարվա փորձ (որից առնվազն 3 տարին՝ ղեկավար պաշտոնում),

գ) կառավարման ակնհայտ ունակություններ, անձնակազմի ղեկավարման և թիմի կառուցման փորձ,

դ) արդյունավետ կապերի հաստատման և պահպանման ունակություն մի շարք կողմերի, ներառյալ` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿների, գործարար և միջազգային շրջանակների հետ,

ե) ճկունություն, պատասխանատու վերաբերմունք և նվազագույն վերահսկմամբ աշխատելու ունակություն,

զ) հայերեն և անգլերեն լեզուներով բանավոր և գրավոր ազատ հաղորդակցման ունակություն. այլ լեզուների իմացությունն առավելություն է,

է) համակարգչային ունակություններ (MS Office, Ինտերնետ):

4. Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժին՝ մինչև ս.թ. օգոստոսի 31-ը:

Հայտը պետք է պարունակի՝

1)      ուղեկցող նամակ (առավելագույնը` 2 էջ), որտեղ նկարագրվում է, թե ինչպես է դիմողը պատկերացնում պաշտոնի բարդությունը (մարտահրավերները), և ինչպես են դիմողի փորձն ու կրթությունը թույլ տալիս հաղթահարել այդ բարդությունը (մարտահրավերները),

2)       ինքնակենսագրություն, որը բացահայտում է դիմողի որակավորումը և փորձը,

3)      անձնագրի պատճեն,

4)      աշխատանքային գրքույկից քաղվածք (Հայաատանի Հանրապետության քաղաքացիների համար),

5)      բարձրագույն (հետբուհական) կրթության մասին փաստաթղթերի (վկայագիր և ներդիր)՝ սահմանված կարգով վավերացված պատճեններ,

6)      երեք երաշխավորագրեր (նախընտրելի է մասնագիտական)

7)      մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող փաստաթղթեր (հոդվածներ և այլն):

Հայտերը ներկայացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն. հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Կառավարական 3- րդ մասնաշենք, e-mail: [email protected]; հեռախոս +37410 521505+106:

Հայտերն ընդունվում են 2018թ. օգոստոսի 1-ից մինչև 2018թ. օգոստոսի 31-ը, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-17:00, ընդմիջում՝ 13:00-14:00:

Նախորդ հոդվածը‘«Ալաշկերտի» խաղի տեսուչն ադրբեջանցի է լինելու’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Ուզում եմ «Հայլուր»-ի Հայաստանում ապրել»’