‘Մ.Մելքումյան. էներգետիկ համակարգի ներկայիս իրավիճակում էլեկտրաէներգիայի սակագները կարելի է բարձրացնել կես տարին մեկ’

844

Հայաստանի էներգետիկ համակարգի ներկայիս իրավիճակում էլեկտրաէներգիայի սակագները կարելի է բարձրացնել յուրաքանչյուր կես տարին մեկ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պատգամավոր, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, էլեկտարէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ որոշումն անհիմն է, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրավիճակի որակյալ վերլուծություն չի կատարել: Նա հիշեցրել է, որ կարգավորող մարմնի որոշումն ընդունվել է հանրապետության էներգետիկ ձեռնարկություններում իրավիճակի ուսումնասիրման հիման վրա, սակայն ձեռնարկություններում արտաքին աուդիտ չի իրականացվել, և Մելքումյանը գտնում է, որ գոյություն ունի գների զսպման լուրջ ռեզերվ: Նա առաջարկել է հանձնաժողովին մինչև օգոստոսի 1-ը վերադառնալ էլեկտրաէներգիայի նախկին գներին և առաջարկներ ներկայացրել ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանին, թե ինչպես դա կարելի է անել:

Նրա խոսքով, էներգետիկ ձեռնարկություններում ձևավորված ֆինանսական դեֆիցիտի համար պատասխանատու է պետությունը, որը չի կարողանում կառավարել ռիսկերը: Բացի այդ, պատգամավորը լուրջ ռեզերվ է տեսնում ցանցում կորուստների 3-4%-ով կրճատման մեջ`ներկայիս 11,2%-ի փոխարեն: Նա նշել է, որ օրինակ, Վրաստանում կամ Մոլդովայում կորուստների մակարդակը շատ ավելի ցածր է, և «Հայաստանի էլեկտրացանցերը» կարող են նվազեցնել այդ ցուցանիշը` վերահսկողության խստացման և կառավարման ավելի արդյունավետ համակարգ ներդնելու հաշվին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացած նիստում էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի բնակչության համար 2014 թ. օգոստոսի 1-ից 10%-ով ավելացնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Կարգավորող մարմնի որոշման համաձայն, ցերեկային սակագինը բնակչության համար կավելանա մինչև 1 Կվտ/ժ դիմաց 41,85 դրամ` ներկայումս գործող 38 դրամի փոխարեն (աճ 10,1%-ով), իսկ գիշերային սակագինը կավելանա մինչև 31,85 դրամ` ներկայումս գործող 28 դրամի փոխարեն (աճ 13,7%-ով): 

Նախորդ հոդվածը‘ՈւԱԱԽ քարտուղար. Ռուսաստանյան զորքերը սահմանից չեն հեռացել’
Հաջորդ հոդվածը‘Լյուքս Ստեփանյանի սպանության համար՝ 17 տարվա ազատազրկում ‘