Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը դարձավ Անթալիայում ավարտված շախմատի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր։
Վերջին տուրում նա սպիտակներով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Խազար Բաբազադայի հետ եւ 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր։
Հաղթողի կոչումը նվաճել էր ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։ Փոխչեմպիոն է դարձել ռուսաստանցի Վոլոդար Մուրզինը՝ 7 միավոր։
Մինչեւ 14 տարեկանների առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Բենիկ Աղասարովը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր՝ հաղթողի կոչումը նվաճած ուկրաինացի Սվյատոսալվ Բազակուցայից հետ մնալով 1 միավոր։
Հիշեցնենք, որ կանանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը նախավերջին տուրում ապահովել էր Հայաստանի չեմպիոն, մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը, որը վերջին տուրում էլ հասավ հաղթանակի եւ 9 հնարավորից վաստակեց 8,5 միավոր։ Նա 1,5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղը գրաված ուկրաինացի Էլիզա Գրեբենշչիկովայից։