‘«Յաբախտի» քաղաքականության ռահվիրան, կամ՝ что ни слово, то Цицерон с языка слетел’

2046

Չգիտեմ՝ ովքեր են կոնկրետ գրում Սերժ Սարգսյանի գրավոր ելույթների տեքստերը, բայց այդ մարդիկ կամ հումորի լավ զգացում ունեն, կամ էլ տեքստ գրելիս հաշվի են առնում իրենց շեֆի բանավոր ելույթների մակարդակն ու այնպես անում, որ հանկարծ որեւէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե Սերժի բանավոր ու գրավոր ելույթները տարբեր մարդկանց մտքի արգասիք են: Հա, ու նաեւ՝ եթե բոլոր ելույթները գրում է մեկ մարդ, ուրեմն՝ այդ մարդն ամնեզիա ունի, իսկ եթե՝ մի քանի հոգի, ուրեմն՝ կամ նրանք բոլորն այդ տեքստերը (տաժանակիր աշխատանք) գրում են ինչ-որ բանի (գուցե՝ կանաչ գույնի) ազդեցության տակ, կամ էլ՝ մեկը մյուսի տեքստերը նույնիսկ «լայաղ» չեն անում մեկ-մեկ կարդալ՝ Սերժին վերջում վատ դրության մեջ չդնելու համար:

Անշուշտ (ինչպես ինքը Սերժն է սիրում կրկնել)՝ մենք միանգամից բացառում ենք այն տարբերակը, որ գրավոր տեքստերի հեղինակն ինքը՝ Սերժ Սարգսյանն է (չնայած բանասիրական «կրթությանը»), առավելեւս՝ որ ինքն էլ հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ իր համար տեքստեր են գրում, քանի որ դրանց ժամանակն ինքը չունի:

Միաժամանակ՝ բացառում ենք նաեւ այն տարբերակը, թե Սերժ Սարգսյանը կարդում կամ, առավելեւս, հասկանում է այդ տեքստերի բովանդակությունը, եւ կամ էլ, առավելեւս, հիշում է նախկին ելույթներն ու համադրում նորերի հետ:

Ինչեւէ, պետք է խոստովանել, որ խոսելու արվեստի հետ Սերժը կատարելապես չունի: Ինչպես Գոգոլի «Ռեվիզորի» հերոսներից մեկն էր ասում. «что ни слово, то Цицерон с языка слетел»:

Էդ մարդու խնդրին այն է, որ ինքը ոչ թե ինչ-որ բանի մասին սխալ կամ ծայրահեղ տարբերվող կարծիք ունի, այլ՝ ընդհանրապես կարծիք չունի, դրա համար էլ՝  ինչից խոսում է՝ «լյապ» է ստացվում:  Ու «ջլաման չի տալիս»՝ մինչեւ նախորդ «լյապը» մարսվի:  

Եւ ահա, երեկ՝ ՀՀ Անկախության օրով, Սերժը հրամցրեց հերթական «լյապը»:

Ասում է. «տեսանելի ապագայում մենք պատրաստվում ենք դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Նման որոշումը, ինչպես ես արդեն նշել եմ, պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջև, ինչու չէ՝ նաև մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգի հետ: Պիտի անկեղծ լինենք: Մեզնից ոչ ոք մարգարե չէ, և մենք չգիտենք, թե ինչ արդյունքներ կունենանք տասը կամ քսան տարի հետո»:

Հասկանում եք, չէ՞: Մարդը էնքան գաղափար չունի, թե ուր կամ ինչի համար է հերթական անգամ խցկել յուր գլուխը (երկրինն էլ հետը), որ «ափաշկյարա» ասում է, թե գլուխը խցկել է, բայց գաղափար չունի՝ հետո ինչ կլինի: Ու չկա կողքը կամ բեմի հետեւը կանգնած մի հուշարար, որ ասի՝ բա այ մարդ, էդ ո՞ւր ես քիթդ խոթել, ինչի՞ ես խոթել, եթե հետեւանքների մասին պատեկերացում էլ չունես:

Բայց ամենասոսկալին այն է, որ Հայաստանի նախագահի աթոռին բազմած սույն անձնավորությունը պատկերացում չունի այն մասին, որ ինքը պարտավոր է պատկերացում ունենալ: Ու պատկերացում ունենալն էլ, հաշվարկ անելը՝ այսինքն, ինքը մարգարեություն է համարում: Այն էլ՝ ընդամենը 10-20 տարվա կտրվածքի կապակցությամբ: Այն դեպքում, երբ մարդիկ 50-80 տարվա կտրվածքով են հաշվարկներ կատարում՝ չհաշված անկանխատեսելի ֆորս-մաժորային իրավիճակը: Է հա՛, պարզ է, որ որեւէ մեկը Սերժից չի ակնկալում կանխատեսել՝ 10 տարի հետո ցունամի կլինի՞, պատերազմ կլինի՞, հրաբուխ կժայթքի՞, կամ գուցե գերբնական ուժե՞րն իրենց մատը կխառնեն գործին, կամ երկնաքա՞ր կընկնի: Բայց էն ամենատրամաբանական, նվազագույն հաշվարկն անել հո պարտավոր ես, չէ՞:

Ի դեպ, Սերժի սույն միտքը միայն ԵՏՄ-ի անդամակցության պահով չէ, որ գործածելի է: Մարդն այդ կերպ մտել է բոլոր գործընթացների մեջ՝ սկսած հայ-թուրքականից, ԼՂ հիմնախնդրից, վերջացրած՝ ԵՄ-ի եւ ՄՄ-ի հետ հարաբերությունները, ներքին քաղաքական բոլոր հարցերը: Էս անձնավորությունը ոչ մի գործընթացի սկզբում որեւէ պատկերացում չի ունենում, թե ինչով կավարտվի այն: Այսինքն, մտնում է գործընթացի մեջ՝ ՅԱԲԱԽՏԻ: Կպավ՝ կպավ: Չէ՝ չէ: Բայց դե՝ մարդ ես, մեկ էլ տեսար՝ կպավ: Այսինքն՝ էդ ոնց որ ձեռքդ տանես բաց լարին՝ այն նորոգելու համար, ու մտածես՝ դե յա կսարքեմ, յա՝ կմեռնեմ, բայց դե մեկ էլ տեսար՝ կպավ, ու ողջ մնացի, համ էլ՝ սարքեցի լարը:

Հ.Գ. Ի դեպ, ընդամենը մեկ տարի առաջ նույն Սերժ Սարգսյանը Սյունիք կատարած այցի ընթացքում հայտարարում էր. «Ես վստահ եմ, սիրելի քաջարանցիներ, որ 5 տարի, 10 տարի հետո դուք ավելի լավ եք ապրելու, ավելի երջանիկ եք լինելու: Այսօր քաջարանցիները չեն կարող համեմատել իրենց ներկայիս քաղաքը 30 տարի առաջ եղած քաղաքի հետ, և վստահ եմ, որ 10-20 տարի հետո Քաջարանն անհամեմատելի կլինի այսօրվա քաղաքի հետ»: Ջերմ բարեւներ Սերժ Սարգսյանի ելույթները գրողներին:

Պարգեւ Ապրեսյան  

 

Նախորդ հոդվածը‘Էրդողանին հրավիրել եմ, բայց կասկածում եմ, որ նա կգա — Սերժ Սարգսյանի հարցազրույցը Corriere della sera թերթին’
Հաջորդ հոդվածը‘Air Armenia-ն վճարել է Ռուսաստանի հանդեպ ժամկետանց պարտքը. չվերթները չեն դադարեցվի’