‘
«Յաբլոկո» կուսակցության նախագահ Սերգեյ Միտրոխինը դիմել է Քննչական կոմիտե՝ պահանջելով «ատելություն կամ թշնամանք հրահրելու» հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկել ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն՝ «Россия 1» հեռուստատեսության «Մենամարտ» հաղորդման ժամանակ արված այտահայտությունների համար: Հոկտեմբերի 24-ին հեռարձակված հաղորդումը նվիրված էր Վոլգոգրադում ավտոբուսի պայթեցմանը և ահաբեկչության դեմ պայքարին: Ազգամիջյան հարաբերությունների գծով նախագահական խորհրդի անդամ Մաքսիմ Շևչենկոյի հետ բանավիճելիս Ժիրինովսկին պնդել է, որ Ռուսաստանի համար ահաբեկչության սպառնալիքը հիմնականում բխում է Հյուսիսային Կովկասից, ուստի այդ տարածաշրջանում պետք է արտակարգ դրություն մտցվի, «այնտեղ ուղարկվեն զորքերը, ոստիկանությունն ու ԱԴԾ-ն»: Ժիրինովսկին նաև նշել է, որ ահաբեկչության հիմնական պատճառը բնակչության ավելցուկն է, հետևաբար՝ Կովկասում պետք է պարտադրաբար սահմանափակել ծնելիությունը՝ տուգանք սահմանելով երրորդ երեխան ունենալու նկատմամբ: Բացի այդ՝ ըստ Ժիրինովսկու՝ հարկավոր է Կովկասի տարածքի շուրջ փշալարեր անցկացնել՝ կովկասցիների տեղաշարժը սահմանափակելու համար:
Սերգեյ Միտրոխինի կարծիքով՝ Ժիրինովսկու հայտարարությունները բացահայտ նացիստական բնույթ ունեն: Մինչդեռ Ժիրինովսկին ինքը «Յաբլոկո» կուսակցության մեղադրանքներն անհեթեթ է համարում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘