‘Յանուկովիչը երկրի նախկին նախագահների հետ կքննարկի Մայդանում ստեղծված վիճակը’

768

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտպանել է երկրի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկի առաջարկը` համազգային կլոր սեղան հրավիրելու կապակցությամբ:

Ինչպես հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը Ուկրաինայի առաջին նախագհահ Լեոնիդ Կրավչուկը կոչ է արել Յանուկովիչին հրավիրել համազգային կլոր սեղան քննարկելու համար ստեղծված իրավիճակից փոխհամաձայնությամբ դուրս գալու տարբերակները:

Յանուկովիչը պաշտպանել է այդ նախաձեռնությունը, նրա համոզմամբ, կլոր սեղանը կարող է համաձայնության հասնելու հարթակ հանդիսանալ:

Յանուկովիչի մամուլի ծառայությունից լրատվամիջոցներին նաև հայտնել են, որ վաղը, առաջին նախագահի առաջարկով Յանուկովիչը կհանդիպի նախկին երեք նախագահների հետ (Լեոնիդ Կրավչուկ, Լեոնիդ Կուչմա, Վիկտոր Յուշչենկո) քննարկելու երկրի առաջ կանգնած կարևորագույն հարցերը:

Նշենք, որ Ուկրաինայի երեք նախկին նախագահները դեկտեմբերի 4-ին համատեղ հայտարարությամբ պաշտպանել էին եվրաինտեգրումից հրաժարվելու դեմ ուկրաինացիների բողոքը և զգուշացրել էին հնարավոր վտանգավոր հետևանքների մասին: Նրանք նաև դատապարտել էին անհամարժեք ուժի կիրառումը ցուցարարների նկատմամբ:

Նրանք Ուկրաինայի գործող նախագահին կոչ էին արել զերծ մնալ ցուցարարների նկատմամբ ուժային գործողություններից և ճիշտ գնահատել երկրում ծավալվող իրադարձությունների կարևորությունը:

Նրանց կարծիքով ստեղծված իրավիճակից ելքը պետք է գտնվի բաց երկխոսության արդյունքում:

 

Նախորդ հոդվածը‘Պետբյուջեի «աբսուրդային» հատկացումների թոփ 10-յակը` ըստ պատգամավորի’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ դեսպան. Հայաստանը միշտ Ռուսաստանի հետ է, Ռուսաստանը` Հայաստանի’