‘Յանուկովիչը ուղերձ է հղել. Ես ստիպված եմ գնալ ոչ հեշտ լուծումների’

1707

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին:

Այն ներկայացնում ենք ստորեւ.

«Մոտ ժամանակներս ես ծավալուն հարցազրույց կտամ հեռուստատեսությամբ եւ կպատասխաեմ բոլոր հարցերին: Իսկ այսօր ես կցանկանայի ընդգծել, որ եվրոպական չափանիշներին համապատասխան հասարակության կառուցումը Ուկրաինայում այլընտրանք չունի: Եւ իմ քաղաքականությունը այդ ճանապարհին եղել է ու կլինի հետեւողական:

Բարեփոխումները, որոնք մենք իրականացնում ենք, այն բանի հավաստումն է, որ մենք գնում ենք եվրոպական ճանապարհով: Մենք պետություն ենք կառուցում, որտեղ մարդու իրավունքները, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, ընտրության իրավունքը, սոցիալական պաշտպանվածությունը բոլորի համար բարձրագույն արժեք են, անկախ այն բանից, թե որ տարածքում ես դու ապրում եւ որ մայդան (հրապարակ) ես դուրս գալիս:

Եւ՝ որպես նախագահ, կցանկանայի Ուկրաինայի քաղաքացիներին վստահեցնել՝ ես զարգացնելու եւ ամրապնդելու եմ մեր կյանքի այս անվիճելի հիմքերը:

Մեր ձեռքից որեւէ մեկը չի գողանում հավասար հնարավորությունների Ուկրաինայի, եվրոպական Ուկրաինայի երազանքը: Եւ նաեւ որեւէ մեկը չի կարող մեզ շեղել ճշմարիտ ուղուց, որ մեզ դեպի մեր երազանքն է տանում:

Մենք շատ բաներով ենք անցել, եւ դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու: Այդ ճանապարհին ամենադժվարը կան ու միշտ կլինեն տնտեսական խնդիրները: Բայց ես անազնիվ ու անարդար կլինեի, եթե հոգ չտանեի ամենաանպաշտպանների եւ անօեթեւանների մասին, որոնց վրա էլ հենց կարող է ընկնել անցումային փուլի ողջ ծանրությունը:
Ես, մեղմ ասած, իրավացի չէի լինի, եթե չանեի այն ամենն, ինչ պետք էր անել, որպեսզի մարդիկ չկորցնեն իրենց աշխատատեղերը, որպեսզի նրանք ստանան աշխատավարձ, թոշակ ու նպաստ:

Ցանկանում եմ, որպեսզի մեր մեծ ուկրաինական ընտանիքում խաղաղություն ու հանգստություն լինի: Ինչպես որ հայրը չի կարող ընտանիքը թողնել առանց հացի, այնպես եւ ես իրավունք չունեմ մարդկանց թողնել բախտի քմահաճույքին՝ այն խնդիրների հետ, որոնք կարող են առաջանալ, եթե այն ճնշման տակ, որը մենք զգում ենք, կանգ առնի արտադրությունը եւ միլիոնավոր քաղաքացիներ դուրս շպրտվեն փողոցներ:

Ուստի, ես ստիպված եմ գնալ ոչ հեշտ լուծումների: Ուստի ես, երբեմն չհասկացված լինելու ռիսկի եմ դիմում: Եւ այդ պատճառով, ես խնդրում եմ մեր ժողովրդին այսօր ուշադիր լսել ինձ: Ես երբեք որեւէ քայլ չեմ անի՝ ի վնաս Ուկրաինայի եւ մեր ժողովրդի: Ուկրաինայի  քաղաքացիների կամքը իմ ցանկացած որոշման համար որոշիչ է եղել, կա եւ կլինի:  

Ես ցանկանում եմ, որպեսզի մարդիկ իմանան դա: Ես շնորհակալ եմ բոլորին բարձր քաղաքացիական գիտակցության համար: Հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ես ավելի մանրամասն կպատմեմ մեր համատեղ քայլերի եւ գործողությունների մասին, որոնք մենք կանենք միասին:

Հասկացված լինելու եւ աջակցության հույս ունեմ: Ես հավատում եմ՝ մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները՝ մեր պետության զարգացման ճանապարհին, քանզի չկան այնպիսի խոչընդոտներ, որոնք չկարողանա հաղթահարել իմաստուն եւ միասնական ազգը:

Մենք երբեք եւ ոչ մեկին չպետք է թույլ տանք խանգարել մեզ: Միլիոնների աղոթքները եւ երազանքները ապավինում են Աստծո որոշմանը»:

Թարգմանությունը՝ iLur.am-ի  

Նախորդ հոդվածը‘Շոտլանդիան կառանձնանա՞ Մեծ Բրիտանիայից 2016թ. մարտի 24-ին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’