‘Յանուկովիչը պահանջում է պատժել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տեքստը պատրաստողներին’

720

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վարչապետ Նիկոլայ Ազարովից պահանջել է պատասխանատվության կանչել այն պաշտոնյաներին, ովքեր պատրաստել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տեքստը: «Այն պաշտոնյաները, ովքեր համապատասխան գործողություններ չեն կատարել և համաձայնագիրը չեն համաձայնեցրել արդյունաբերողների միավորումների հետ, համապատասխան բանավեճեր չեն անցկացրել և չեն հասել փոխըմբռնման, պետք է դրա համար պատասխանատվություն կրեն: Ես ձեզնից առաջարկներ եմ սպասում»,- այսօր ասել է Յանուկովիչը Ռեգիոնների խորհրդի նիստում՝ դիմելով վարչապետին: Յանուկովիչը նաև հայտարարել է, թե առաջիկայում երկրին արմատական փոփոխություններ են սպասվում, այդ թվում՝ կադրային:

Անդրադառնալով Ուկրաինայում ավելի քան մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաներին՝ Ուկրաիանյի նախագահը վստահեցրել է, որ իշխանությունները թույլ չեն տա, որ ցուցարարներն արմատական քայլերի դիմեն: Ըստ նրա՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում են բողոքի ցույցերը ծառայեցնել իրենց սեփական շահերին՝ իշխանությունը վերաձևելու համար: «Մենք ապրելու ենք Ուկրաինայի սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»,- հավելել է նա:

Ավելի վաղ Յանուկովիչը հայտարարել էր, որ մարդկանց դուրս գալը Եվրամայդան՝ վկայում է ավելի լավ կյանքի նրանց ձգտման մասին, սակայն մարդկանց հույզերի վրա սկսեցին խաղալ քաղաքական գործիչները, ծայրահեղականներն ու սադրիչները, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Մուսուլման եղբայրները» դատարանում կբողոքարկի իր «ահաբեկչական կարգավիճակը»’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլիին պաշտոնապես չեն ծանուցել Ուկրաինա մուտքի արգելքի մասին’