‘Յանուկովիչի կուսակցությունը պաշտպանել է Ուկրաինայի կառավարության փոփոխության պահանջը’

733

Ուկրաինայի իշխող Ռեգիոնների կուսակցության խորհրդարանական խմբակցությունը պաշտպանել է կառավարության կազմը փոխելու՝ ընդդիմության պահանջը, հաղորդում է   РИА Новости-ն: «Մենք այսօր վարչապետ Ազարովի առջև պահանջ ենք դրել 90 տոկոսով վերակազմավորել կառավարությունը»,- հայտարարել է Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Աննա Գերմանը: Ընդ որում՝ չի ճշտվում, թե արդյո՞ք իշխող կուսակցության ներկայացուցիչները համաձայն են նաև հենց Ազարովի հրաժարականի վերաբերյալ կոչերին:

Այս հայտարարությունը Գերմանն արել է կառավարության հետ պատգամավորների հանդիպումից հետո, որը կայացել է այսօր առավոտյան: Նախօրեին մամուլում չհաստատված տեղեկատվություն էր հայտնվել, թե Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականի օգտին պատրաստ են քվեարկել ավելի քան հարյուր «ռեգիոնալներ»:

Ընդդիմությունն արդեն վաղուց է ձգտում հասնել կառավարության հրաժարականին և մտադիր է այդ հարցը կրկին բարձրացնել խորհրդարանում, փոխանցում է lenta.ru-ն:

Ըստ ria.ru-ի՝ այսօր ընդդիմության երեք առաջնորդները դիմել են գլխավոր դատախազություն՝ նոյեմբերի 30-ին Մայդանը բռնությամբ ցրելու համար ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևին և ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյին պաշտոնանկ անելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Նախորդ հոդվածը‘Անձի պաշտամունք. Տաջիկստանում նախագահին «ցիտող» վահանակներ են կախում ‘
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ` Կարին գյուղում’