‘Յանուկովիչ. Զարմանում եմ, որ Պուտինը լռում է (թարմացված)’

827

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս պահին ասուլիս է տալիս Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Ներկայացնելով վերջին շրջանում Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների իր վարկածը, Յանուկովիչը նշեց, որ «Կիեւում իշխանությունը զավթել են զինված ավազակները»: Ասուլիսին Յանուկովիչը ներկայանում է որպես Ուկրաինայի գործող նախագահ:

«Ինձ ոչ միայն խաբել են, ինձ ցինիկաբար են խաբել եւ ոչ միայն ինձ, այլ ողջ ուկրաինական ժողովրդին: Ես կուզեի պատասխան լսել (քաղաքական ճգնաժամը լուծելուն ուղղված համաձայնագիրը) ստորագրողներից: Այս հարցը օրակարգից դուրս չի եկել»,- ասաց Յանուկովիչը:

Մեկնաբանելով Ղրիմում այս օրերին ընթացող դեպքերը, Յանուկովիչը նշեց, որ դա «բնական արձագանք է Կիեւում իշխանության բռնազավթմանը»: Միեւնույն ժամանակ, նախկին նախագահը նշում է, որ Ղրիմը պետք է մնա Ուկրաինայի կազմի մեջ` պահպանելով լայն ինքնավարություն:

Պատասխանելով Ռուսաստանից ռազմական օգնություն խնդրելու հավանականության վերաբերյալ հարցին` Յանուկովիչը նշեց, որ ցանկացած ռազմական գործողություն անտեղի է: «Ես ռազմական օժանդակություն չեմ խնդրելու: Ուկրաինան պետք  է մնա միացյալ եւ անբաժան»,- ասաց նա:

Յանուկովիչը տեղեկացրել է նաեւ, որ Ռուսաստան է հասել «հայրենանվեր սպաների շնորհիվ, որոնք կատարել են իրենց պարտքը եւ օգնել՝ պահպանել կյանքս»:

«Ես չեմ հանդիպել Պուտինի հետ: Այն բանից հետո, երբ հասել եմ Ռուսաստան, խոսել եմ հեռախոսով: Մենք պայմանավորվել ենք, երբ հարմար լինի Վլադիմիր Վլադիմիրովիչին, կհանդիպենք Պուտինի հետ»,- ասել է նա: Յանուկովիչը ասել է նաեւ, որ Ուկրաինա կվերադառնա, երբ իր եւ իր ընտանիքի անվտանգության պահանջները կպահպանվեն:  

Խոսելով Ռեգիոնների կուսակցության իր նախկին կուսակիցների մասին, որոնք Յանուկովիչի փախուստից հետո նրան դավաճան են հայտարարել, նախկին նախագահն ասել է. «Ես դատավոր չեմ, թող Տեր աստված դատի նրանց: Բացի դրանից, ես չեմ դատապարտում այն մարդկանց, ովքեր ավտոմատների փողերի տակ ինչ-որ հայտարարություններ են արել»:  

Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների մասին խոսելիս Յանուկովիչը նշել է, որ ՌԴ-ը ընդմիշտ Ուկրաինայի ռազմավարական դաշնակիցը պետք է մնա: «Ես զարմանում եմ, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը մինչեւ օրս այսպես համբերատար լռում», — ասել է նա: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Պետդեպ. Կտտանքները և անմարդկային վերաբերմունքը շարունակում են գերիշխել ՀՀ իրավապահ մարմինների աշխատանքում ‘
Հաջորդ հոդվածը‘Զոհրաբյան. ԶԼՄ-ների ոչ բոլոր հրապարակումներին է պետք հավատալ’