‘
Ուկրաինայի իշխանությունները «Պատ» նախագծի շրջանակներում Ռուսաստանի հետ սահմանին սկսում են կառույցների շինարարությունը, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության նիստում: Նա պարզաբանել է, որ նախագծով նախատեսվում է «Ուկրաինայի և ՌԴ-ի միջև իրական պետական սահմանի շինարարություն»:
Նախագիծը նախատեսում է սահմանի երկայնքով մետաղյա ցանկապատի շինարարություն՝ բարձրորակ պողպատից և փշալարերից, որի միջով էլեկտրական հոսանք կանցնի: Պատը կկառուցվի Դոնեցկի, Խարկովի և Լուգանսկի մարզերում: Նախատեսվում է, որ ծրագիրը կֆինանսավորվի բարեգործական հիմնադրամների կողմից:
Ռուսաստանի հետ սահմանին պատ կառուցելու նախաձեռնությամբ դեռևս հուլիս ամսին հանդես է եկել Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Իգոր Կոլոմոյսկին: Նա Ուկրաինայի նախագահի աշխատակազմին է հանձնել պատի ինժեներական նախագիծը և շինարարության ֆինանսատնտեսական հիմնավորումը՝ Ռուսաստանի սահմանին 1920 կմ երկայնքով պատ կառուցելու վերաբերյալ, որի մոտավոր արժեքը կկազմի 100 մլն եվրո: Փոխանցում է Interfax-ը:
‘