‘
Հուլիսի 17-ից 31-ը ՊՊԾ գնդի գրավումը լուրջ ներպետական ցնցման առիթ դարձավ: Գրավելով ՊՊԾ գունդը և պատանդ վերցնելով ոստիկանության աշխատակիցների (այնուհետև՝ նաև բժիշկների)՝ զինյալների խումբը հայտարարեց, որ սկսում է զինված ապստամբություն, և, մասնավորապես, կոչ արեց «… դուրս գալ փողոց, խմբեր կազմել, զինվել, գրավել ոստիկանական բաժինները, փակել փողոցները, զինաթափել ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության» (տես՝ «Սասնա ծռերի» ֆեյսբուքյան էջ, 17 հուլիսի): Ուղիղ երկու շաբաթ Հայաստանը գալարվում էր լարվածության մեջ, որն ուղեկցվում էր հասարակական մթնոլորտի ու դրանում առկա էմոցիոնալ ֆոնի հետևողական շիկացմամբ: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ցանկացած անզգույշ կամ չկշռադատված քայլ կարող էր զարգացումները տանել դեպի անվերահսկելի հարթություն:
Հիմա, երբ իրավիճակը հանգուցալուծվել է, ժամանակն է ամփոփ անդրադարձ կատարել տեղի ունեցածին՝ կատարվածի երանգներն ու առանձին դրվագները վերլուծելու, հնարավոր հետևանքները հասկանալու համար:
Կատարվածի գնահատականը
Ըստ իս՝ զինված ապստամբության վերաբերյալ դիրքորոշումը ձևակերպելիս անհրաժեշտ է որպես ելակետ ընդունել ստորև շարադրված իրողությունները՝ եթե մեր բոլորիս մտքում ժողովրդավարական, իրավական պետություն կառուցելու նպատակն է:
1. Տեղի ունեցածը զենքի և բռնության միջոցով քաղաքական հարցեր լուծելու փորձ է: Այն ամբողջովին դուրս է սահմանադրականության, օրինականության շրջանակներից, հետևաբար՝ պետությանը կարող է միայն վնաս հասցնել` անկախ հաջող կամ անհաջող ընթացքից և անկախ նպատակից (որպես կանոն՝ դրանք միշտ երկիրը փրկելու առաքելությամբ են հիմնավորվում): Պետությունն է, որ կրում է դրա բոլոր բացասական հետևանքներն իր վրա: Առավել կործանարար է «հաջողված» ապստամբությունը: Այն լեգիտիմացնում է երկրում զենքով քաղաքական հարցեր լուծելու մեթոդը և ընկղմում է պետությունը պերմանենտ ցնցումների, անիշխանության, քաղաքացիական պատերազմի մեջ: Կամ էլ հաջողակ ապստամբները դառնում են նոր բռնատիրական համակարգի առաջնորդները` հասարակությունից տևական ժամանակ խլելով հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Օրինակները շատ են Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում: Ցանկացած հասարակություն, որ ձգտում ունի կառուցել քաղաքակիրթ, ժողովրդավարական երկիր, պետք է մերժի զենքով ու բռնությամբ քաղաքականություն իրականացնելու որևէ դրսևորում:
2. Այս ընդհանուր տեսական գնահատականին Հայաստանի պարագայում ավելանում է նաև ներկայիս արտաքին բարդագույն համատեքստը: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը, ի թիվս ունեցած ներքին ծանր խնդիրների, կանգնել է լուրջ արտաքին մարտահրավերի առաջ` ի դեմս ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող գործընթացների՝ պատերազմի վերսկսման ռեալ հավանականությամբ: Այս պարագայում, երբ Հայաստանի համար ներքին կայունությունն այսօր բառացիորեն թթվածնի պես մի բան է և պետությունը վերը նկարագրված փորձությունից նվազ վնասով դուրս բերելու ՄԻԱԿ տարբերակը, ապա զինված ապստամբության ձեռնարկումը ոչ այլ ինչ է, քան կացնով հարված Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությանը՝ բոլոր մակարդակներում՝ քաղաքական, ռազմական, դիվանագիտական, տնտեսական և այլն: Հասկանալու համար կատարվածի վնասակարության ու վտանգավորության չափը, մի պահ պատկերացրեք՝ եթե նույն բանը տեղի ունենար Ադրբեջանում: Հայ հասարակությունն ինչ գոհունակություն էր ապրելու: Եվ ինչպես էինք փորձելու դրանից օգտվել ռազմաճակատում կամ բանակցությունների սեղանին:
3. Քանի դեռ իրավիճակը ՊՊԾ գնդում չէր հանգուցալուծվել, որևէ քաղաքական գործունեություն (հարցազրույց, ասուլիս, հայտարարություն, հանրահավաք կամ երթ), անկախ բովանդակությունից և բացի կոնկրետ երևույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, միայն ավելացնելու էր լարվածությունը, լիցք էր հաղորդելու կողմերից մեկին՝ կարծրացնելով վերջինիս դիրքորոշումը հանգուցալուծման ընթացքում: Հայաստան պետության շահն այս պարագայում իրավիճակի հնարավորինս արագ ու անարյուն հանգուցալուծումն էր, որը կախված էր բացառապես իշխանությունից ու զինյալներից, և իրավիճակի է՛լ ավելի չսրումը, որը կախված էր իշխանությունից, զինյալներից, կուսակցություններից, հասարակական խմբերից ու ժողովրդից:
Այս ելակետերն էին, որ ընկած էին նաև Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշման հիմքում, որ արտահայտված էր Նախագահ Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածում և իմ՝ որպես Կոնգրեսի խոսնակի մեկնաբանության մեջ: Հիմա արդեն հետադարձ հայացքով կարելի է փաստել, որ Կոնգրեսն այն եզակի ուժերից էր, որ իր զուսպ վարքագծով որևէ կերպ չնպաստեց իրավիճակի է՛լ ավելի շիկացմանը: Որովհետև, կրկնեմ, ցանկացած հավելյալ լարվածություն ուղղակիորեն ազդում է ճակատի ամրության, առաջին գծում կանգնած զինվորների և ընդհանրապես բանակի մարտունակության և Հայաստանի՝ առանց այն էլ ցածր միջազգային հեղինակության վրա: Ուզենք, թե չուզենք:
«Ուրիշ ձև չկա»-ի մասին
ՊՊԾ գնդի գրավումից հետո հանրային քննարկումներում կարմիր թելի պես անցնում էր այն միտքը, որ այս վարչախմբի դեմ պայքարում ուրիշ տարբերակ չկա, սպառված են քաղաքական պայքարի բոլոր միջոցները, և զենքով իշխանափոխությունը մնում է Հայաստանը ժողովրդավարական երկիր դարձնելու միակ մեթոդը:
Այն, որ իշխանության նկատմամբ վերաբերմունքը հասարակության շրջանում մոտենում է կոնսենսուսայինի, վիճարկման առարկա չէ: Այն, որ նույնիսկ ապրիլյան պատերազմից հետո իշխանությունը արմատական փոփոխությունների գնալու՝ այդպես էլ տեսանելի հետևություններ ու քայլեր չարեց ու չի անում, նույնպես քննարկելիք չէ: Այն, որ հասարակության բոլոր շերտերն անխտիր մինչև կոկորդը զզված են կոռուպցիայից, անարդարություններից, իշխանական վարքուբարքից՝ ևս քննարկելիք չէ: Բայց նման հիմնավորումը՝ որպես զինված ապստամբություն սկսելու արդարացում, ոչ միայն այդ հարցերը չի լուծում, այլև պետությանը կանգնեցնում է է՛լ ավելի ծանր ու վտանգավոր մարտահրավերների առջև, որոնց հետևանքները իշխանության համար չեն, որ բացասական են լինելու: Դրանց հետևանքները զգալու են բոլորը՝ Մեղրիից մինչև Աշոցք ու Նոյեմբերյան, Մարտակերտից մինչև Հադրութ: Բոլո՛րը: Ավելին, մեղմ ասած՝ վիճարկելի է այն դրույթը, թե այս քայլով թուլացվում է գործող վարչախումբը: Նման ակնհայտ հակաօրինական ձեռնարկով զինյալները Սերժ Սարգսյանի ձեռքը տվեցին երկաթյա արգումենտ՝ իրավիճակն ամենաարմատական միջոցով հանգուցալուծելու համար: Եվ որի դեպքում աշխարհի ոչ մի երկիր չէր կարող որևէ վերապահում ունենալ նրա քայլերի նկատմամբ: «Ուրիշ ձև չկա» կամ «Մենք դեմ ենք մեթոդին, բայց աջակցում ենք պահանջներին» բանաձևերն իրականում մոլորեցնող, ոչ մի տեղ չտանող հիմնավորում են, եթե չասենք՝ վտանգավոր: Դրանք ցույց են տալիս պետության նկատմամբ պատասխանատվության իսպառ բացակայությունը: Արդեն 25 տարվա պետություն ենք և պետք է գիտակցենք, որ քաղաքականության մեջ ՉԻ ԿԱՐԵԼԻ զենքով հարց լուծել: ՎԵՐՋԱԿԵՏ: Ցանկացած ստորակետ ու մտքի շարունակություն պետականակործան է ինքնին: Որովհետև եթե մեր երեխային վերցրել են պատանդ (տվյալ դեպքում իշխանությունը՝ պետությանը), ապա երեխային վնաս տալով չէ, որ պետք է ազատվենք նրան գերեվարածից: Որովհետև եթե մեր հայրական տունը զավթել են մարդիկ, այդ տունը հողին հավասարեցնելը չէ, որ պիտի լինի զավթիչներից ազատվելու գինը: Եվ վերջապես՝ որովհետև դրանով մենք դառնում ենք նույնը, ինչ իշխանությունը: Հետևաբար, սա ոչ թե սխալ ձև է՝ երկրում հարց լուծելու, այլ ՁԵՎ ՉԷ ընդհանրապես:
Քաղաքական ուժերի մասին
Հակառակ իրավիճակն ավելի չսրելու՝ Հայաստանի շահից բխող դրույթի, քաղաքական կուսակցությունների ու գործիչների ճնշող մեծամասնությունն այդ օրերին հայտնվեց Խորենացի փողոցում: Բնականաբար, «արդյունքն» իրեն սպասել չտվեց, և մթնոլորտն օր օրի շիկացավ: Կուսակցապետերն ու քաղաքական գործիչները հայտարարում էին, որ՝ ա/ իրենք եկել են Խորենացի, որպեսզի թույլ չտան իշխանությանը գրոհել զինյալների վրա և արյուն թափել, բ/ որպեսզի թույլ չտալ իշխանություններին բռնություն գործադրել ժողովրդի նկատմամբ: Բնականաբար՝ «հանուն հայրենիքի»: Զավեշտը, սակայն, այն է, որ նման անկեղծ մտադրությունների պարագայում միակ տրամաբանական քայլը կլիներ, որ նրանք կոչ անեին ժողովրդին չգնալ Խորենացու փողոց և ընդհանրապես զերծ մնալ որևէ քաղաքական-քաղաքացիական ակցիայից: Որովհետև ակնհայտ էր, որ ինչքան շատ ժողովուրդ հավաքվեր հրապարակներում կամ Խորենացի փողոցում, այնքան զինյալները ավելի կարծր էին դառնալու իշխանության հետ բանակցություններում՝ ավելի հավանական դարձնելով արյունալի վերջաբանը (դա հաստատեց նաև զինյալների ղեկավարներից Վարուժան Ավետիսյանը՝ հանձնվելիս նշելով, որ զենքերը վայր են դնում, որովհետև «ժողովուրդը դանդաղ շարժվեց տեղից»): Մյուս կողմից՝ այդ հավաքների բազմամարդությունն ավելի հավանական էր դարձնում բախումը ոստիկանության հետ, ինչը տեղի ունեցավ, և որի գագաթնակետը դարձավ ոստիկանության կողմից կոշտ ուժի գործադրումը Սարի թաղում: Սա գալիս է ապացուցելու, որ Խորենացիում հայտնված կուսակցապետերի հիմնական մոտիվները բացարձակապես այլ էին: Յուրաքանչյուր հաջորդ բռնություն նրանց համար թթվածին էր, և նրանք ներքուստ ցանկանում էին հնարավորինս շատ բախում, արյուն ու զոհ՝ իրենց ծրագրերն առաջ տանելու և անձնական ամբիցիաները բավարարելու համար: Դա նույնպես ապացուցեցին ապստամբությունը սկսած զինյալները՝ պահանջելով հարթակում հայտնված գործիչներից շատերին «ձեռքերը չտաքացնել ժողովրդի արյան վրա» և վռնդելով նրանց հարթակից: Կրկնում եմ` խոսքս քաղաքական ուժերի մասին է: Ժողովուրդը (կամ նրա մի հատվածը), տարբեր անհատներ կարող էին չզգալ և չտեսնել այն ծանրագույն հետևանքները, որոնց կարող էր բախվել Հայաստանը: Ժողովրդին, անհատին մեղադրել չի կարելի. մարդիկ զզված են ամեն ինչից և սա կարող են համարել լավ կյանք կառուցելու շանս: Բայց եթե իրավիճակի վտանգավորությունը չեն տեսնում իրենց քաղաքական գործիչ կամ ուժ համարողները և կարող են ժողովրդին կոչ անել կամ դրդել ներխուժելու հատուկ գործողությունների իրականացման տարածք, որտեղ հսկայական քանակությամբ զենք է կուտակված, և այն ամեն պահի կարող է կրակել՝ պատճառ դառնալով բազմաթիվ զոհերի, ապա նրանց գործունեությունն ուղղակի փորձանք է Հայաստանի համար:
Իշխանության մասին
Իշխանություններին ու զինյալներին հաջողվեց հասնել համաձայնության՝ իրավիճակն անարյուն հանգուցալուծելու համար, ինչը երկուստեք գովելի է: Սակայն ՊՊԾ-ից դուրս տեղի ունեցող գործընթացներում իշխանությունն իր հերթին յուղ լցրեց արդեն իսկ շիկացած իրավիճակի վրա՝ հատկապես սարիթաղյան իրադարձություններում ցուցաբերած վայրագություններով, որոնց նաև ներգրավվել էին քաղաքացիական հագուստով քրեական էլեմենտներ: Իշխանությունը, եթե ցանկանում է հնարավորինս նվազեցնել պետությանը հասցված վնասները, պարտավոր է պատժել ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրագրողների նկատմամբ գործադրված բռնության իրականացնողներին: Իշխանությունն ի վերջո պետք է գիտակցի, որ աշխատանքից ազատելն ու նկատողություն հայտարարելը հարցի լուծում չեն: Եվ այս պարագայում պատիժ չեն՝ մեծ հաշվով: Այս հովանավորչության արդյունքում է նաև, որ հասարակության շրջանում գնալով խորանում է անջրպետը, իսպառ վերանում է վստահությունը ոչ թե արդեն իշխանության (դա արդեն անցած էտապ է), այլ պետության նկատմամբ: Պետական որևէ կառույց այլևս քաղաքացիների կողմից ընկալվում է թշնամի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ իշխանության անգործությունն այս հարցում նույնպես հարված է երկրի ազգային անվտանգությանը:
Քաղաքացիական հասարակության մասին
Կարող է տարօրինակ թվալ, բայց ամենից պարադոքսալը այդ երկշաբաթյա ճգնաժամի ընթացքում քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների ու հատկապես մի շարք իրավապաշտպանների դրսևորած վարքագիծն էր: Կազմակերպություններ, որ տարիներ շարունակ իրենց գործունեությունը ծավալել են՝ հասարակությանը քարոզելով ժողովրդավարության, իրավականության և օրենքի գերակայության արժեքները, բռնության անթույլատրելիությունը՝ արդարացի ու խրախուսելի կռիվ տալով այդ արժեքները ոտնատակ տվող իշխանության հետ, մի ակնթարթում դեն նետեցին ՀՀ Սահմանադրությունն ու բոլոր հնարավոր օրենքները և, ըստ էության՝ դրոշ բարձրացրին՝ հաջակցություն զինյալ ապստամբների: Հասանք նրանք, որ հնչեց (որպես բացառություն, իհարկե) նույնիսկ միտք, թե խախտվել է ապստամբների ազատ տեղաշարժի իրավունքը! Տեղի էր ունենում ապստամբության գրեթե անթաքույց արդարացում, որը, բացի լարվածության ավելացումից, լղոզում էր ժողովրդավարության, իրավականության ֆունդամենտալ արժեքների բոլոր սահմանները՝ դրանք այլևս դիտելով նպատակահարմարության կոնտեքստում: Եթե մեզ համար օգտակար բռնություն է, ապա խրախուսելի է՝ բանաձևմամբ:
«Ոչ մի թիզ հող»-ի մասին
«Սասնա ծռերի» հուլիսի 17-ի հայտարարության մեջ, թեև ոչ ցցուն ու հստակ, երևում էր «ոչ մի թիզ հող» կարգախոսը, որը հետագա օրերին կարմիր թելով անցնում էր ՊՊԾ-ի շուրջ ծավալված բոլոր գործընթացներում: Ե՛վ հարթակի «առաջնորդները», և՛ զինյալ խմբի ներկայացուցիչները առիթը բաց չէին թողնում նշելու, որ այս շարժման մասնակիցները «ոչ մի թիզ հողի» կողմնակիցներն են: Նույնիսկ փորձ արվեց բանաձևել, թե ովքեր կարող են միանալ այս շարժմանը՝ 1) ովքեր դեմ են Սերժ Սարգսյանի իշխանությանը, 2) ովքեր համարում են, որ զինյալ խմբի անդամները հերոս են, 3) ովքեր «ոչ մի թիզ» գաղափարի կրող են:
Այս հոդվածն, իհարկե, պատշաճ տեղը չէ Արցախյան հարցի, դրա կարգավորման կամ չկարգավորման մասին քննարկում ծավալելու և դիրքորոշումներ քննարկելու համար: Բայց մի հարց մնում է օդում կախված. եթե մենք չենք ուզում մի թիզ հող վերադարձնել Ադրբեջանին, այս զինված ձեռնարկն օգնե՞ց այդ գործին: Եթե դրա պատասխանը դրական է, ապա ստացվում է, որ ամիսը մեկ երկրում զենքով լի տարածք գրավելով, ոստիկան սպանելով, պատանդներ պահելով, քաղաքացիների ու լրագրողների բռնության ենթարկելով՝ մենք է՛լ ավելի կուժեղացնենք Հայաստանը և իսպառ կբացառենք Ադրբեջանին ոչ միայն մի թիզ հող վերադարձնելը, այլ նաև նրա նկրտումները՝ ռազմական ճանապարհով հարցը լուծելու: Սա՞ է տրամաբանությունը: Փաստորեն՝ երկիրը կարելի է ուժեղացնել՝ նրան մղելով պերմանենտ քաոսի մե՞ջ: Սրանո՞վ ենք մենք դուրս գալու առաջիկայում սպասվող փորձություններից:
Պարզից էլ պարզ է, որ այս երկշաբաթյա ճգնաժամը, բացի Հայաստանը թուլացնելուց՝ ուրիշ ոչնչի չհանգեցրեց և չէր էլ կարող հանգեցնել: Ու նաև պարզից էլ պարզ է, որ որոշ քաղաքական ուժեր ու անհատներ այս դրույթն օգտագործում են բացարձակապես այլ նպատակներով: Նրանք ամեն օր սպասում են Հայաստանի հնարավոր պարտությանը Ղարաբաղի հարցում, որպեսզի օգտագործեն այդ համազգային դժբախտությունն իշխանության գալու համար: Ու դա հստակ ուրվագծվում է ապրիլյան պատերազմից հետո ընկած ողջ ժամանակահատվածում: Բայց այդ մասին՝ մի ուրիշ առիթով:
Ու՞ր ենք գնում
Հայաստանն այսօր ապրում է իր 25-ամյա պատմության ամենաճակատագրական պահերից մեկը: 94 թվականից սկսած՝ առաջին անգամ մեր պետությունը, ներքին լրջագույն խնդիրների տակ կքած, կանգնած է նաև պատերազմի ու խաղաղության ճամփաբաժանին: Հենց այս օրերին մեր շուրջը տեղի են ունենում տարածաշրջանային ու միջազգային գործընթացներ, որոնք լրջագույն հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի ապագայի վրա: Եվ մենք, որպես ազգ, այս ներհասարակական վտանգավոր թոհուբոհում պետք է դադար տանք ու հասկանանք, թե ու՞ր են մեզ տանում այս գործընթացները, ու՞ր ենք ուզում գնալ, որո՞նք են դրա ճանապարհներն, ու ի՞նչ ենք անում՝ այդտեղ հայտնվելու համար: Այս հարցերին պատասխանելու, ինչպես նաև արտաքին փորձություններին դիմագրավելու, ներքին կայունությունը փայփայելու փոխարեն՝ մենք երկրի ներսում պատանդ ենք վերցնում, ոստիկան ենք սպանում, աչք ենք հանում: Ու համառորեն չենք տեսնում այն վտանգները, որ շատ մոտ ժամանակներում կարող են թակել բոլորիս դուռը: Բոլորիս. իշխանամետ թե ընդդիմադիր, մեծ թե փոքր, ընկեր թե հակառակորդ, անտարբեր թե ներգրավված: Պետությունն էլ՝ խաղադրույքի սեղանին դրած: Ու, Աստված մի արասցե, եթե ուշ սթափվեցինք, գետինն ենք մտնելու՝ հիշելով, թե ինչով էինք զբաղված հուլիսի 17-ից 31-ը:
Արման Մուսինյան
‘