‘
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, հայտարարել է, որ, հնարավոր է, Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հետաձգվի:
Պատասխանելով Հայաստանի Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հարցերին, հանձնակատար Հանն ասել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը միարժեքորեն ստորագրվելու է։ Միաժամանակ պարոն Հանը չի բացառել, որ դա կարող է լինել ոչ թե նոյեմբերի վերջին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, այլ ավելի ուշ։
Յոհանես Հանը չի մատնանշել, թե ինչ խնդիրների արդյունքում կարող է հետաձգվել համաձայնագրի ստորագրումը, ապա կրկին ընդգծել է, որ այն միարժեքորեն կստորագրվի:
Հանձնակատար Հանը նաև նշել է, որ մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների համար Հայաստանին տրվող բյուջետային աջակցության պայմանները լինելու են խիստ և թերացումներն աչքաթող չեն արվելու։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
‘