Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը Ինդոնեզիայում և Հնդկաստանում ASEAN-ի և Քսանի խմբի (G20) գագաթնաժողովներում կընդգծի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցներն ընդդեմ ԿԺԴՀ-ի պահպանելու անհրաժեշտությունը և կնշի ապամիջուկայնացման հարցում միջազգային համագործակցության կարևորությունը։
Այդ մասին AP գործակալությանը տված հարցազրույցում նշել է Հարավային Կորեայի նախագահը։
«Քանի դեռ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցները բարեխղճորեն պահպանվում են, զանգվածային ոչնչացման զենքեր մշակելու ծրագրերի ֆինանսավորման խողովակները կարող են լրջորեն արգելափակվել»,- կարծում է Յուն Սոկ Յոլը։ Նախագահը հավելել է, որ G20 գագաթնաժողովում մտադիր է ընդգծել «կրիպտոարժույթ գողանալու, բանվորներին արտասահման ուղարկելու, ծովում բեռները մի նավից մյուս նավ տեղափոխելու Հյուսիսային Կորեայի գործունեությունն ակտիվորեն արգելափակելու» անհրաժեշտությունը։
Կորեայի Հանրապետության նախագահի խոսքով՝ ԿԺԴՀ-ի տնտեսությունը վատթարագույն վիճակում է 2011 թ․ ի վեր, երբ իշխանության եկավ գործող առաջնորդ Կիմ Չեն Ինը, և շարունակում է կրճատվել։ Յուն Սոկ Յոլը նշել է, որ Փհենյանի արտաքին առևտրի առնվազն 97 %-ն անցյալ տարի բաժին է ընկել Չինաստանին, ուստի Պեկինը «կարող է զգալի ազդեցություն ունենալ» իր հարևանի վրա։ Նա ՉԺՀ-ին կոչ է արել կառուցողական դեր կատարել և ջանքեր գործադրել Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու նպատակով։
Փոխանցում է tass.ru-ն։