‘
Չեմպիոնների լիգայի մրցաշարի հոգնեցուցիչ մարաթոնը շատ աննկատելիորեն մոտեցավ իր վճռորոշ ավարտին: Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս վերջնագծում հայտնվել է իսպանական «Ռեալը», որին այս անգամ միացել է Իտալիայի չեմպիոնը՝ «Յուվենթուսը»։ Բախվելու են երկու միմյանցից տարբեր փիլիսոփայություն ու տրամագծորեն հակառակ խաղաոճ ունեցող թիմեր: Հենց դա էլ երաշխիքն է այն բանի, որ Քրադիֆում մենամարտը, անկասկած, ձանձրալի չի լինելու:
Չեմպիոների լիգայի եզրափակիչ, հունիսի 3, Ազգային մարզադաշտ, մեկնարկը՝ 22:45
Մրցավար՝ Ֆելիքս Բրիխ
Եթե հետևելու լինենք սովորական կարծրատիպերին, ապա Քարդիֆում տեղի ունեցող եզրափակիչը պետք է դառնա վառ հարձակողական ոճի և զգուշավոր պաշտպանական տակտիկայի բախում: Սակայն դա այդքան էլ այդպես չէ: «Ռեալը» «Մոնակոն» չէ, որը կենտրոնացած է միայն հարձակման վրա: Իհարկե, «Բուֆոնն ընդդեմ Ռոնալդուի» ցուցանակն ունի կյանքի իրավունք, սակայն ավելի շատ ոչ թե «պաշտպանությունն ընդդեմ հարձակման» իմաստով, այլ որպես երկու լեգենդների մասին հիշեցում, մարզիկներ, որոնք ամեն ինչն արեցին, որպեսզի իրենց թիմերն արժանանան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու պատվին: Իսկ եթե խոսենք ըստ էության, ապա ավելի տեղին կլինի անդրադառնալ Զինեդին Զիդան և Մասիմիլիանո Ալեգրի հակամարտությանը: Ինչպիսի՞ տակտիկան կընտրեն մարզիչները և անհրաժեշտության դեպքում կկարողանա՞ն արդյոք խաղի ընթացքում այն հեշտությամբ փոփոխության ենթարկել:


Մադրիդյան ակումբը ցուցադրում է արագ, գեղեցիկ ու մոտիվացիոն ֆուտբոլ։ «Մադրիդյան բնավորություն» բառակապակցությունն արդեն թևավոր խոսք է դարձել «Ռեալի» երկրպագուների շրջանում, որովհետև Զիդանի թիմը պայքարում է մինչև վերջին շունչը, երբեք չի հանձնվում և հաճախ կորզում է հաղթանակը հանդիպման վերջին վայրկյաններին։ Հատկապես ուշագրավ է պաշտպանությունից դուրս գալու գործընթացը։ Սերուցքայիններն այնպիսի ճշգրիտ և արագ փոխանցումներով են դա անում, կարծես մրցակիցը դաշտում չէ, և իրենք անցկացնում են պարզապես հերթական մարզումը։ Այդ թեթևությունը, նվազագույն լարվածությունն ու դաշտում ֆուտբոլիստների զբաղեցրած ճշգրիտ դիրքերը արքայական ակումբի գլխավոր զենքն են։ Տպավորիչ է նաև այն, թե ինչպես են քրտնաջան աշխատում «Ռեալի» եզրային պաշտպանները։ Մարսելոն ու Կարվախալը ֆրզիկական մեծ ջանքերի ու վարպետության հաշվին կարողանում են փակել իրենց եզրը ողջ երկայնքով, ինչը հարձակման եռյակին հնարավորություն է տալիս հաճախ տեղակայվել տուգանային հրապարակում ու իրական վտանգ ստեղծել մրցակիցների համար։ Հաճախ եզրային պաշտպանների շնորհիվ «Ռեալը» կառուցում է ոչ միայն ամենավտանգավոր հարձակման տարբերակներից մեկը, այլ նաև մրցակցի տուգանային հրապարակ բերում ամաշխարհային այպիսի աստղերի, ինչպիսիք են՝ Ռոնալդուն, Բենզեման ու Բեյլը։ Նման համաստեղությանը դիմակայել ոչ բոլորն են ունակ։

Հզոր է նաև «Ռեալի» թիմային ոգին՝ մեկը բոլորի համար՝ բոլորը մեկի, միասնական՝ ինչպես երբեք: Բայց. Այնումենայնիվ, պետք է առանձնացնել ֆուտբոլիստների, որոնց միջոցով Մադրիդի Ռեալը կարող է հաղթել: Շատերը նայելով այս մրցաշրջանում Ռոնալդուի խփած գոլերին կմտածեն, որ պորտուգալացին իր հնարավորություններից ցածր է հանդես եկել: Գուցե և այդպես է, բայց Մյունխենում Ռոնալդուն գտավ դարպասին տանող ճանապարհը: Արքայական ակումբի առաջատարը գտավ իրեն ճի՛շտ ժամանակին ու այդքա՜ն կարևոր հատվածում: Հաշվի առնելով պորտուգալացու հաղթելու անհագ ցանկությունը և այն հանգամանքը, որ Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում հերթական անգամ կարժանանա «Ոսկե գնդակին», Կրիշտիանուն կանի ամեն ինչ այս խաղում հաղթելու համար: Զիդանի հաղթաթղթերից է նաև Իսկոն, որը վերջապես գտավ իր խաղը արքայական ակումբում Վինսենտե Կալդերոնում Մադրիդի Ատլետիկոյին խփած գնդակը ավելի ու ավելի բարձրացրեց իսպանացու ինքնավստահությունը, և մոտիվացիա հաղորդեց եզրափակիչում դառնալու գլխավոր դերակատարներից մեկը:

Իհարկե, կարևոր է նաև Կեյլոր Նավասի դերակատարությունը, ում դեռ վերջերս ուղարկում էին թոշակի, գտնում էին, որ չի համապատասխանում թիմի մակարդակին: Իսկ այդ ընթացքում դարպասպահը լուռ աշխատում էր, որ ապացուցի բոլորին՝ ինքը լավագույնն է: Պատահական չէ, որ Զիդանը եզրափակիչից առաջ լրացուցիչ վստահություն ունի. դարպասը անառիկ է:
«Ռեալ»
Հավանական մեկնարկային կազմը

Մարտավարությունը
«Ռեալը» կխաղա 4-3-1-2 տակտիկական դասավորությամբ: Ինչպես միշտ, երեք կենտրոնական կիսապաշտպաններով՝ Կրոս, Կազեմիրո, Մոդրիչ: Իսկոն խաղալու է խաղարկողի դիրքում: Ռոնալդուն ու Բենզեման էլ՝ հարձակման կենտրոնում: Այս սխեմայի առավելությունները շատ են: Այն թույլ է տալիս ֆուտբոլիստներին անընդհատ փոխվել դիրքերով: Ռոնալդուն կարող է նահանջել կիսապաշտպանության ձախ եզր, ստանալ գնդակն ու դրիբլինգի շնորհիվ ներխուժել մրցակցի տուգանային հրապարակ: Բենզեման ապակողմնորոշում է մրցակցի պաշտպաններին, ինչի հաշվին էլ Իսկոն կարողանում է ազատ տարածություն ստանալ: Կիսապաշտպանության եռյակի համաձայնեցված գործողությունների շնորհիվ էլ թիմի խաղը կայունություն է ստանում:
Այսքան առավելություններ ունենալով հանդերձ, ոչ ոք չի կարող ասել՝ արդյո՞ք Արքայական ակումբը կկարողանա հաղթահարել Չեմպիոնների լիգայի վերջին արգելքը, ինչը խոսում է «Յուվենթուսի» յուրահատկության մասին։ Եթե կփորձեք հասկանալ, թե ի՞նչ է որն է գրեթե կատարյալ պաշտպանությունը, ապա կարող եք դիտել «Յուվենթուսի» այս տարվա անցկացրած հանդիպումների մեծ մասի տեսագրությունները։ Թուրինցիները Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ-ում բաց են թողել ընդամենը մեկ գնդակ։

«Յուվենթուսն» ունի Կիելինի – Բոնուչի անվամբ մի պատ, որին անցնելը մեծագույն խնդիր է յուրաքանչյուր թիմի համար։ Այս երկու պաշտպանները մի ամբողջություն են, որոնք կերտում են թիմի ներկայիս ձեռագիրը։ Ալեգրիի մարզչական ճկուն մտահաղացումների շնորհիվ թուրինցիները չեն կենտրոնանում միայն պաշտպանության վրա և կարողանում են համատեղել հարձակման հետ։ Անհրաժեշտության դեպքում թիմը զսպանակի պես բացվում է ու լուրջ խնդիրներ ստեղծում մրցակցի պաշտպանների համար։ «Յուվենթուսն» իր թիկունքում զգում է ողջ Իտալիայի աջակցությունը: Թուրինցիները լավ են հասկանում, որ իրենց հաղթանակը իտալական մարած ֆուտբոլի համար շատ կարևոր է: Այս հանգամանքը գիտակցում են նույնիսկ «Տորինոի», «Միլանի», «Ինտերի», «Նապոլիի», «Ռոմայի» երկրպագուները, որոնց համար սև ու սպիտակ գույներն այնքան ատելի են: Գուցե այս հաղթանակը նպաստի իտալական ֆուտբոլի վերածնմա՞նը: Վերջին անգամ «Յուվենտուսին» 21 տարի առաջ է հաջողվել գլխավերևում բարձրացնել Չեմպիոնների լիգայի գավաթը: «Ծեր Սենյորան» այս պահին ունի բոլոր հնարավորությունները՝ ուժեղ կազմ, գերմոտիվացիա և Մասիմիլյանո Ալեգրի: Մի մարզիչ, ում հեղինակությունը դեռևս մի քանի տարի կասկած տակ էր դրվում և ում «Միլանի» երկրպագուները մինչ օրս անիծում են: Այնուամենայնիվ, այս Ալեգրին հիմա հեղինակություն է, մի հանգամանք, որն անգամ չի էլ քննարկվում:Ներկայիս «Յուվենտուսը» կարծես թե չունի թույլ կողմեր: Բոլոր ֆուտբոլիստները են իրենց դիրքերում կատարյալ խաղ են ցուցադրում: Մանջուկիչ, Դիբալա, Իգուաին, Ալվես՝ անուններ ովքեր հաղթում են: Ջանլուիջի Բուֆոնը արդեն 39 տարեկան է և կարիերայում ամեն ինչի, բացի Չեմպիոնների լիգայում հաղթանակից: Այսօր թիմակիցների համար առաջին մոտիվացիան կլինի ավագին պարգևել գավաթը բարձրացնելու հնարավորությունը: Բուֆոնը չի թաքցնում, որ երազում է դրա մասին:

«Յուվենտուս»
Հավանական մեկնարկային կազմը

Մարտավարությունը
Եվրոպական թիմերի մեջ դժվար գտնվի մեկը, որ կարողանա ավելի լավ սխեմատիկ փոփոխություններ կատարել մրցաշրջանի ընթացքում այնպես, ինչպես «Յուվենտուսը»: Թուրինցիները հիանալի են խաղում թե՛ երեք, թե՛ չորս պաշտպանով: Այս մրցաշրջանի միջնամասում Մասիմիլիանո Ալեգրին էլ ավելի կատարելագործեց իր թիմի խաղը՝ անցնելով 4-2-3-1 տակտիկական դասավորությանը: Այն թույլ է տալիս մեկնարկային կազմում ընդգրկել ավելի շատ հարձակողական որակներով ֆուտբոլիստների, իսկ պաշտպանությունը դառնում է ավելի կայուն: Բացի դրանից, այս սխեման ցանկացած պահի կարող է վերածվել 3-4-1-2-ի, ընդ որում՝ առանց փոխարինում կատարելու:
Առանց որևէ փոխարինման՝ հանդիպման ցանկացած պահի, Ալեգրիի թիմը կարող է անցնել այսպիսի դասավորության, որը թույլ կտա օգտագործել դաշտի ամբողջ երկայնքը: Հնարավոր է՝ Կուադրադոյի փոխարեն խաղա Անդրեա Բարձալին, իսկ Դանի Ալվեշը փակի ամբողջ աջ եզրը: Պետք չէ մոռանալ նաև 4-3-3-ի մասին:
Հիմա անդրադառնանք տխուր իրականությանը: 22 մարդկային կյանք խլած՝ Մանչսթրում տեղի ունեցած տերորիստական ակտի պատճառով Ուելսում անվտանգության խստագույն միջոցառումներ են կիրառել: Երկրպագուներին զգուշացրել են, որ արգելվում է մարզադաշտ մուտք գործել պայուսակներով և ուսպարկերով: Իսկ որպեսզի երաշխավորվի ժամանակին տրիբունայում հայտնվելը, ֆուտբոլասերները մարզադաշտ պետք է գան խաղից 2 ժամ առաջ:

Եվ վերջապես, Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության մեջ առաջին անգամ հանդիպման ժամանակ Ազգային մարզադաշտի տանիքը կփակվի:

Հետաքրքրական փաստեր
- Քարդիֆում «Յուվենտուսի» և «Ռեալի» հանդիպումը կդառնա եվրագավաթային մրցաշարերում 19-րդը: Դրանից ավելի շատ հանդիպել են միայն «Ռեալն» ու «Բավարիան»:
- Երկու թիմերն էլ իրենց հաշվին ունեն 8 հաղթանակ և 2 ոչ ոքի:
- «Ռեալը» 14 անգամ խաղացել է Չեմպիոների լիգայի եզրափակչում և 11 անգամ նվաճել տիտղոսը: «Յուվենթուսը» կարողացել է 8 եզրափակիչ հանդիպումից հաղթել ընդամենը 2-ում:
- «Ռեալը» չեպիոնական մրցաշարի պատմության ողջ ընթացքում 499 գնդակ է ուղարկել հակառակորդի դարպասը:
- «Յուվենտուսը» միակ թիմն է, որ Չեմպիոնների լիգային այս տարվա մրցաշարում չի պարտվել. գրանցել է 9 հաղթանակ և 3 ոչ ոքի:
‘